«Այսքան որ կոռուպցիայի մասին գոռում-գոչում եք, մի հատ վիճակագրությունը վերցրեք նայեք դատապարտված դատավոր, դատախազ, քննիչ: Մի քիչ օբյեկտիվ եղեք: Վիճակագրությունը ինչի՞ համար է, վերցրեք նայեք, տեսեք ինչ է: Դատավորների մեջ կոռուպցիայի տոկոսն ավելի բարձր է, քան մնացած ոլորտների՞, ոստիկանության մասին ինչի՞ չեք ասում»,- «Առավոտին» տված հարցազրույցում այսպես դատավորների նկատմամբ անարդար վերաբերմունքից դժգոհեց ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Անատոլի Մաթեւոսյանը:
Մեր դիտարկմանը՝ ընդդիմադիրներն ասում են՝ վիճակագրությունը մեծ չի բռնված ու դատված դատավորների, որովհետեւ իրենց մարդիկ են, չեն բռնում՝ Մաթեւոսյանը արձագանքեց. «Էլի դատավո՞րն է մեղավոր: Էլի՞ եք ցեխ շպրտում, բռնե՛ք, ո՞վ է ձեզ ասում մի բռնեք: Ժողովուրդ, էնպես եք ասում չեն բռնում, ոնց որ ես գնացել եմ թեւերս փռել եմ, ասել եմ՝ արի թեւիս տակ մտիր, այստեղ կոռուպցիան զարգացնենք: Չե՛մ ուզում այդ կոռուպցիան: Իմ երեխան ինձ հետ վիճում է, կռվում է ինձ հետ, չե՛ն ուզում, ես դա տեսնում եմ, չէ՞: Կյանքը գնում է առաջ: Մենք ծառի ետեւում անտառը տեսնո՞ւմ ենք, թե՞ ոչ: Մենք կոռուպցիայի ետեւում ի՞նչ ենք տեսնում՝ ոչ մի բան: Մեզ այդ մի ծառը խանգարում է, որ անտառը տեսնենք: Անտա՛ռը տեսեք, ժողովո՛ւրդ: Ես հո ինձ համար չեմ ասում, ազգի՛ համար եմ ասում: Պաթոսով է հնչում, բայց եթե երկիրն ունի դատարան, դա ազգի համա՞ր է, թե՞ չէ: Գյուղապետը այսօր վեր է կենում, ասում է, ես պիտի լինեմ գյուղապետ, որ կաշառակերության դեմ պայքարեմ…այ ընկե՛ր, դու վաղը գյուղապետ դառնալուց հետո ինչ էլ անես այնտեղ, էլի դատարան է գալու, քաղաքացիական գործի տեսքով, թե քրեականի տեսքով: Քո նման այնքան գյուղապետ է եկել, գնացել, որ ինչ, որտեղ կա, ուսումնասիրում ես դատական պրակտիկան, հատ-հատ այնտեղ կա»:
Դատարանի նախագահն ասաց, որ «Դատավորները լուսնից չեն իջել այստեղ, նույն հասարակության անդամներն են…Ընտրական քարոզչության ժամանակ պառլամենտից սկսած՝ մինչեւ այն վերջին գյուղապետը պետք է անպայման դատավորների հարցը հիշատակեն: Դա իրենց ինտելեկտի, ոնցոր IQ-ի ցուցանիշը լինի՝ վատը խոսել դատական համակարգի մասին»:
Անատոլի Մաթեւոսյանը ՀՀ իշխանություններից արդարություն է պահանջում՝ դատավորների նկատմամբ: Նա դատավորների թոշակի հետ կապված լուրջ մտահոգություններ ունի, որի մասին կարդացեք «Առավոտի» վաղվա համարում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ