Լրահոս
Օրվա լրահոսը

«Գործատուն պետք է մասնագետ գնի»

Նոյեմբեր 28,2017 20:24

Հայաստանում մասնագիտական կրթության բնագավառի գերակա խնդիրն է կրթության որակի բարձրացումը, ապահովելով համակարգի արդյունավետ գործունեությունը և քաղաքացիների` իրենց ձգտումներին և ընդունակություններին համապատասխան կրթություն ստանալու հավասար մատչելիությունը։ Այս կարծիքին է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:

Խորհրդարանում, այսօր կայացած «Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ընթացող բարեփոխումներն ու օրենսդրական հիմնախնդիրները» թեմայով լսումների ժամանակ տիկին Մուրադյանը նկատեց` նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում առկա հիմնախնդիրները, որոնք պայմանավորված են հետևյալ գործոններով`երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակ, տնտեսության գլոբալացում, կրթության ոլորտի միջազգայնացում, ժամանակակից աշխարհում տեղի ունեցող գիտության և տեխնիկայի արագընթաց փոփոխություններ, կրթության շարունակական զարգացման համար անհրաժեշտ պայմանների անբավարարություն, կառուցվածքային գործազրկության մեծ ծավալներ, գյուղական երիտասարդության համար կրթական համակարգի ոչ մատչելիություն, առկա ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործում և այլն։

«Համակարգված չեն դասավանդող անձնակազմի վերապատրաստման և մասնագիտական որակավորման բարձրացման ծրագրերը։ Լուծված չեն նախնական և միջին մասնագիտական կրթական գործընթացի արդյունավետության բարձրացման համար առանցքային նշանակություն ունեցող տեղեկատվական հաղորդակցման և դասավանդման նոր տեխնոլոգիաների ներդրման խնդիրները, թույլ է ձեռնարկություն-ուսումնական հաստատություն կապը, բացակայում են արդյունավետ մեխանիզմները ուսումնական և արտադրական պրակտիկաների կազմակերպման առումով»,- ասաց Ռուզաննա Մուրադյանը հավելելով, որ աշխատաշուկան, ի դեմս գործատուների, թույլ է ներգրավված այս համակարգի կառավարման աշխատանքներում։ Նաեւ` նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում լիարժեք ձևավորված չէ սոցիալական գործընկերությունը։ Ներկայիս համակարգը բավարար ճկուն չէ և չի հասցնում արագ արձագանքել տնտեսության արագ զարգացող որոշ ճյուղերի պահանջներին։

Տիկին Մուրադյանն էլ է նշում, որ մեզանում գոյություն չունեն արդյունավետ միջազգային հարաբերություններ և համագործակցության զարգացման մեխանիզմներ` այլ երկրների նմանատիպ ուսումնական հաստատությունների հետ կապ հաստատելու համար, հաճախ չի ապահովվում միջազգային կազմակերպությունների հետ իրականացված փորձնական ծրագրերի շարունակությունը։

Իշխող խմբակցության պատգամավորը գտնում է, որ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության զարգացումն անհրաժեշտ է դիտարկել երկրի ընդհանուր զարգացման, ազգային և պետական անվտանգության ապահովման հետևյալ խնդիրների համատեքստում.

ա) կայուն տնտեսական աճի ապահովում,

բ) միջազգային և տարածաշրջանային համագործակցություն,

գ) անկախ պետականության ամրապնդում և քաղաքացիական հասարակության

զարգացում,

դ) բարեկեցության ապահովում և աղքատության հաղթահարում,

ե) աշխատաշուկայի պահանջարկին միտված նախնական մասնագիտական

(արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի զարգացում։

Նա կարծում է, որ վերջին տարիներին իրականացված բարեփոխումները հնարավորություն են տվել լուծել համակարգում առկա շատ խնդիրներ, կայունացնել իրավիճակը և նախադրյալներ ստեղծել հետագա զարգացման համար:

«Կան քոլեջներ, տեխնիկումներ, ուսումնարաններ, որոնք հիմնականում պատրաստում են հնչեղ անուններով մասնագիտություններ, ինչպիսիք են տնտեսագիտությունը, առողջապահությունը, հաշվապահությունը և այլն, բայց չեն մատակարարում կամ քիչ թվով են մատակարարում մասնագետներ, որոնց կարիքն ունեն գործատուները»,-իր ելույթում նկատեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:

Նա կարծում է, որ ապրանքաշուկան պիտի պայմանավորի աշխատունակ. «Գործատուներն, ովքեր ունեն այդ մասնագիտությունների կարիքը, պիտի գնան այդ կենտրոններ, ասեն՝ տվեք մեզ այդ մասնագետներին, որոշակի ֆինանսավորում անեն. այսինքն՝ գործատուները պիտի փող տան, ասեն՝ տվեք մեզ այս մասնագետները»:

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը պատասխանեց`գործատուներն այս խնդիրը լուծում են ինքնուրույն. «Իրենք գիտեն, որ ՄԿՈ համակարգը չունի տեխնիկական բազա և դասախոսներ, որ իր ուզած պահանջներով ուսուցանի: Թեկուզ փող էլ տա, դա եղանակ համարյա թե չի ստեղծում, քանի որ այնտեղ ավելի լուրջ ներդրումների կարիք կա: Մենք այդ խնդիրն ուսումնասիրել ենք ու առաջարկել,  որ օրինակ՝ կա նվազագույն աշխատավարձը, երբ գործատուն տեսնում է նոր ուսանողների, նրանց վերցնում է նվազագույն աշխատավարձով, այդ կադրի հավանականությունը, որ իր մոտ կմնա, ցածր է»:

Իրենք առաջարկել են` կամ պետությունը հրաժարվում է նվազագույն աշխատավարձի հարկերից, կամ սահմանվում է նոր տիպի կարգավիճակ՝ ինթերշիփի կարգի աշխատավարձ: Ասում է`այդ դեպքում գործատուն կարող է երկու կադրի վերցնել,  մեկին հաստատ կպահի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930