Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Զոհրաբյան. «Նախապայմաններ ենք դրել, որպեսզի փաստական կապը չվերածվի ամուսնության». (Տեսանյութ)

Նոյեմբեր 28,2017 19:50

Այսօր փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը լրագրողներին ներկայացրեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծում մի խումբ փաստաբանների մշակած առաջարկությունները:

Այդ առաջարկություններից մեկն էլ, ինչպես Զոհրաբյանն ասաց, վերաբերում է նախագծում սահմանված «Ամուսիններ» հասկացությանը:

ՓՊ-ն առաջարկում է՝ նախագծով սահմանել «Ամուսիններ» հասկացությունը հետեւյալ կերպ՝ «Ամուսիններ՝ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամուսնությունը գրանցած տղամարդն ու կինը, ինչպես նաև փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող տղամարդն ու կինը, ովքեր ոչ պակաս, քան մեկ տարի բնակվում են համատեղ կամ ունեն ընդհանուր երեխա կամ բնակվում են համատեղ, եւ կինը հղի է»:

Զոհրաբյանի ներկայացմամբ՝ «Նախագծում ձեւակերպված է «Ամուսին, այդ թվում փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձ: Ինչո՞ւ է այս հասկացությունը մեզ անհանգստացնում ու խնդրահարույց է: Նախ՝ երբ այդպիսի ձեւակերպում եղավ, իրավակիրառողի համար խնդիր է լինելու՝ տղամարդը եւ կինը միմյանց հետ 3 օր բնակվում են այդ տանը, արդյոք նրանք ամուսիններ են, եւ այս օրինագծի հաստատման դեպքում կարող է այդպես էլ կիրառվել: Ասենք՝ մի տղամարդ մի կնոջ հրավիրի իր տուն ապրելու, հետո նա արդեն ամուսնու կարգավիճակով կարող է դառնալ բռնության ենթադրյալ զոհ եւ այդ հետեւանքները կիրառել տա այդ տղամարդու նկատմամբ: Այս առումով մենք կարծում ենք, որ առավել ճիշտ ձեւակերպվի, հաշվի առնելով տղամարդու եւ կնոջ համակեցության տարատեսակները»:

Արա Զոհրաբյանն ու փաստաբանների մի խումբ առաջարկում են «Ամուսիններ» հասկացության տակ հասկանալ՝ «Քաղաքացիական կացության ակտերի գրանցում իրականացնող մարմիններում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ամուսնություն գրանցած տղամարդը եւ կինը: Ինչպես նաեւ՝ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող տղամարդը եւ կինը, ովքեր ոչ պակաս քան մեկ տարի բնակվում են համատեղ, կամ ունեն ընդհանուր երեխա, կամ բնակվում են համատեղ եւ կինը հղի է»:

«Առնվազն այս պայմանները պետք է լինեն, որ համոզվենք փաստական ամուսիններ են, հակառակ դեպքում, երեքօրյա արկածախնդիր իրենց կապը կարող է համարվել ամուսնական հարաբերություններ»,-ասաց պարոն Զոհրաբյանը:

Aravot.am -ի ճշտող հարցին՝ ինչո՞ւ է նման մտահոգություն առաջացել այս առաջարկությունները մշակողների մոտ, ի վերջո, բռնություն կիրառում են նաեւ իրենց զուգընկերուհիների, նախկին կանանց նկատմամբ, պարոն Զոհրաբյանը պատասխանեց. «Նախ ասեմ, որ ընտանիքում բռնության կանխարգելման տեսակետից այդ օրինագծում ձեւակերպված հասկացությունները կիրառվում են միայն այս օրինագծի համար, այն ինչ այստեղ ձեւակերպած է՝ կարող է այլ օրինագծերում չկիրառվել կամ չմեկնաբանվել: Խնդիրն է այն է, որ նախագծում գրված է՝ «Ամուսին, այդ թվում նաեւ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձ»: Հիմնական մտահոգությունն այն է, որ մի տղամարդ 2 օր բնակվում է այդ կնոջ հետ, արդյոք կարող է համարվել ամուսին: Նախագծի իմաստով կարող է համարվել ամուսին, որովհետեւ կարող են ասել՝ ամուսնական հարաբերություններ մեջ են: Ձեւակերպումների մեջ մենք փոփոխել ենք ովքեր են ամուսիններ համարվում, ու նախապայմաններ ենք դրել, որպեսզի այդ փաստական կապը չվերածվի ամուսնության»:

Մեր դիտարկմանը՝ եթե կինն ու տղամարդը անգամ 2 օր են միասին ապրել, բայց անձը հասցրել է բռնություն կիրառել, այս հոդվածով չպե՞տք է պատասխանատվության ենթարկվի, Զոհրաբյանը պատասխանեց. «Այդ դեպքում գործում են ուրիշ իրավական ակտեր: Պատկերացրեք՝ փողոցում մի տղամարդ մի կնոջ նկատմամբ, որոնք միմյանց հետ ուղղակի սովորել են, բռնություն կիրառի, հիմա իրենց նկատմամբ հո՞ ամուսիններ ռեժիմը չի կիրառվելու: Հետո՝ համերաշխության դրույթը կա, հիմա ի՞նչ անեն, այդ 2 օրվա զույգերին փորձեն համերաշխության բերել, որ շարունակեն միասին ապրել: Նպատակը ընտանեկան կապերով պայմանավորված բռնությունները կանխարգելելն է, եւ ուզում ենք հենց այդպես լինի, այսինքն՝ ընտանեկան կապեր ունեցող մարդկանց վերաբերի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930