Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր կառույցն է, ըստ Զոհրաբյանի, ընտանիքում համերաշխություն հաստատելու ու ինչպես. (Տեսանյութ)

Նոյեմբեր 28,2017 18:15

Ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենքի նախագծի վերջին փոփոխությամբ այն վերանվանվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենք: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան դեմ է թե այս վերնագրին եւ թե օրենքում ներառված որոշ դրույթներին:

Մասնավորապես կոալիցիան հայտարարել է, որ «Համերաշխություն» տերմինը, որը ներառվել է եւ վերնագրում եւ օրենքում, իրավական տերմին չէ, այն սուբյեկտիվ ընկալման տերմին է:

Բացի այս, կոալիցիան նաեւ կարծիք է հայտնել՝ «Նախագծով ներմուծված հաշտարարության ինստիտուտի կիրառման խնդրահարույց լինելու մասին հարցադրումը: Միջազգային փորձից ելնելով կարելի է փաստել, որ հաշտարարության ինստիտուտի կիրառումը արդյունավետ է կողմերի հավասարության պարագայում, ինչը բացակայում է ընտանեկան բռնություն գործադրած եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց միջեւ հարաբերություններում: Ընտանեկան բռնության գործերով հաշտարարության կիրառման խնդրահարույց եւ ոչ արդյունավետ լինելու վերաբերյալ դիրքորոշում է հայտնել նաեւ ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոմիտեն՝ իր 33-րդ ընդհանուր հանձնարարականում»:

Այսօր փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ներկայացրեց պալատի մի խումբ փաստաբանների կողմից մշակած առաջարկությունների փաթեթը:

Համերաշխություն ոչ իրավական տերմինի ներմուծման մասին, եւ թե որ կառույցը պետք է ընտանիքում համերաշխություն հաստատի հարցին Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի պատասխան տվեց. «Նախ որեւէ վերնագրով չես կարող դատել նյութի բովանդակությունը: Օրինակ մենք առաջարկել էինք, որ ապաստարանների նպատակներից մեկը լինի ընտանիքի համերաշխությունը վերականգնելը»:

Ապա` Զոհրաբյանը նարինջի պատմությունն օրինակ բերեց. «Այ, եթե երկու երեխա նարինջ են գտնում, ու կռվում են, թե՝ այդ նարինջն ումն է: Կողմնակի անցորդը  կիսում է նարինջը: Բայց հետո մի երեխա նարինջի միջուկը գցում է, կեղեւը՝ պահում, որովհետեւ նրա մայրը կեղեւով լավ խմորեղեն է պատրաստում, մյուս երեխան կեղեւն է գցում, միջուկը պահում: Ստացվեց, որ երեխաների շահը չհասկացան: Այ, եթե երեխաներին հարցնեին՝ դուք այս նարինջն ինչի՞ համար ես ուզում, եթե հասկանանք երկուսի շահը, երկուսն էլ ավելի կօգտվեն»:

Ըստ Զոհրաբյանի, այստեղ նաեւ հոգեբանական աշխատանք է ենթադրվում, եւ այն կառույցը, որ պետք է լինի համերաշխություն քարոզողը, պետք է տիրապետի հատուկ հմտություններին, վերապատրաստի իր անձնակազմին եւ փորձի լուծել այդ խնդիրը:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930