Այսօր լրագրողների հետ հանդիպեցին շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Մանուել Պետրոսյանը եւ մրցաշարում հայկական պատվիրակության ղեկավար, մարզիչ Արսեն Եղիազարյանը:
Արսեն Եղիազարյան. «Մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունը շատ լուրջ մրցաշար է: Հաղթողը միանգամից միջազգային գրոսմայստերի կոչում եւ աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր է ստանում: Այդ պատճառով հանդես են գալիս բոլոր ուժեղագույն երիտասարդ շախմատիստները:
Մրցաշարին մասնակցում էին նաեւ Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Հարությունյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը: ՀՇՖ-ն Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք էր կազմակերպել, ինչի շնորհիվ կարողացել էինք առաջնությանը լավ պատրաստվել:
Մանուելի մեկնարկն այնքան էլ հաջող չէր, բայց վերջում լավացրեց խաղի որակը եւ որոշիչ պարտիաներում կարողացավ հաղթել երկու ուժեղագույն մրցակիցների, այդ թվում վերջին տուրում՝ չեմպիոնության գլխավոր հավակնորդներից մեկին, այն էլ սեւ խաղաքարերով: Կարծում եմ, Մանուելն արժանիորեն զբաղեցրեց երկրորդ տեղը:
Մեր մյուս շախմատիստներն այնքան էլ հաջող հանդես չեկան: Հայկ Մարտիրոսյանը դեռ 17 տարեկան է եւ ապագայում անպայման մեդալ կնվաճի այս առաջնությունում: Նա բարելավեց իր անհատական վարկանիշը, ինչն արդեն իսկ լավ է: Տիգրանն ու Սիրանուշն իրենց հնարավորություններից ցածր հանդես եկան: Տիգրանը թույլ մեկնարկից հետո վերջում ավելացրեց, իսկ Սիրանուշը վաստակեց միավորների 50 տոկոսը:
Մանուելի անձնական մարզիչ Արման Փաշիկյանը մրցավայրում չէր, սակայն սանի հետ համացանցով կապ էին պահպանում, ինչը նպաստեց Մանուելի հաջող ելույթին: Խորհուրդներով Մանուելին օգնում էր նաեւ Լեւոն Արոնյանը, չնայած մեր առաջատար գրոսմայստերն այդ օրերին մասնակցում էր ՖԻԴԵ-ի «Գրան Պրիի» խաղարկության փուլին:
Մանուել Պետրոսյան. «Ես իրոք անհաջող մեկնարկեցի եւ հետո սկսեցի ավելի լավ խաղալ: Կարծում եմ վերջում, մյուս մասնակիցների համեմատ ուժերս ավելի էին ներում պայքարելու մրցանակային տեղի համար: Մյուսները շատ էին հոգնել, անվստահ էին գործում եւ սխալներ թույլ տալիս: Վերջին պարտիայում մրցակիցս տրամադրված էր միայն հաղթանակի, ռիսկային էր գործում, բայց մենք լավ էինք նախապատրաստվել, եւ ինձ հաջողվեց հասնել որոշիչ առավելության, բայց առաջին տեղի համար բավարար չեղավ:
Ֆիզիկապես ինձ հրաշալի էի զգում, ինչի համար շնորհակալ եմ ֆիզիկական պատրաստության մարզչիս՝ Վահան Նիկոլյանին: Տասնինը տարեկան եմ եւ դեռ կհասցնեմ եւս մեկ անգամ հանդես գալ աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում: Ճիշտ եզրակացություններ կանեմ եւ կշարունակեմ աշխատել: Օգնության եւ աջակցության համար շնորհակալ եմ Արսեն Եղիազարյանին, Արման Փաշիկյանին եւ Լեւոն Արոնյանին: Նրանց խորհուրդներն ինձ շատ օգնեցին: Այս տարի սա իմ վերջին մրցաշարն էր, կպատրաստվեմ հաջորդ տարվա մրցաշարերին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ