Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Զոհրաբյանի, ոստիկանը կարող է «աչքաչափով» որոշել իրավախա՞խտ է, թե՝ ոչ (Տեսանյութ)

Նոյեմբեր 28,2017 17:29

Այսօր փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ներկայացրեց ՓՊ-ի առաջարկություններն «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու մասին: Այս առաջարկները, հիշեցնենք, Ազգային ժողովում դեռ պետք է քննարկվեն:

ՓՊ-ի առաջարկություններից որոշները վերաբերում են անհետաձգելի միջամտություններին:

Մասնավորապես, ինչպես Զոհրաբյանը ներկայացրեց, առաջարկվում է` «7. Որպես անհետաձգելի միջամտության տեսակ՝ բռնություն գործադրած անձին վտարելու հնարավորությունը սահմանափակել, եթե ենթադրյալ բռնություն գործադրողը բնակարանի սեփականատերն է։ Այս դեպքում, ապահովվում է բռնության ենթարկված անձի տեղափոխումը նշված բնակության վայրից։ 8. Նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով սահմանված անհետաձգելի միջամտության տարատեսակները (ընտանիքի անդամների հետ շփվելը, հեռավորություն սահմանելը եւ հեռախոսային եւ կապի այլ միջոցներով ընտանիքի անդամի հետ հաղորդակցվելու արգելքը) հանել։ 9. Հանել նախազգուշացման, անհետաձգելի միջամտության եւ պաշտպանական որոշումների կիրառման սուբյեկտ հանդիսացող անձանց կանխարգելիչ հաշվառման վերցնելու իրավակարգավորումը, թողնելով միայն հանցագործություն կատարած իրավախախտների հաշվառումը»։

Մանրամասն՝ տեսանյութում

Արա Զոհրաբյանի ներկայացմամբ՝ ընտանիքում բռնություն կատարած անձին կանխարգելիչ հաշվառման վերցնելը ենթադրում է պետության կողմից այդ անձի նկատմամբ որոշակի ժամանակահատվածի ընթացքում մշտադիտարկում իրականացնելը՝ այդ թվում այցելելով նրա բնակարան, կապ պահպանելով նրա հետ եւ այլն. «Այս միջոցառումները ենթադրում են անձի ազատության որոշակի սահմանափակում եւ կենցաղային անհարմարություններ»։

Զոհրաբյանի կարծիքով՝ նախագծով նախատեսված պաշտպանական միջոցների ենթարկված անձինք պետք է վերցվեն կանխարգելիչ հաշվառման, հիմնավոր չէ եւ պետության կողմից մարդկանց կենսագործունեության նկատմամբ անհամաչափ հսկողություն իրականացնելու լծակներ է տրամադրում. «Պետությունը փող է ծախսելու, որ մարդկանց վերցնի հաշվառման: Հաշվի առնելով, որ 2 տեսակ պաշտպանական միջոցների առումով օբյեկտիվության չափանիշը շատ ցածր է, մենք կունենանք դեպքեր, որ մարդկանց անհիմն կվերցնեն հաշվառման: Պատկերացրեք՝ մարդը ընտանեկան միջոցառում է անում ու հատուկ ծառայողները մտնում են իր հետ զրուցելու»։

Մանրամասն՝ տեսանյութում

Aravot.am-ի այն դիտարկմանը՝ օրենքի նախագծի նախկին տարբերակի մշակողները նախազգուշացման դրույթի վերաբերյալ օրինակներ են բերում, որ անձը պարբերաբար անհանգստացրել ու սպառնացել է զոհին, իրավապահ մարմինները համապատասխան քայլեր չեն նախաձեռնել, մինչեւ ասենք՝ սպանությունը կամ խոշտանգումը, կամ դանակահարությունն ու կացնահարումը, ընդ որում, տվյալ անձը կարող է եւ նախկինում քրեական պատասխանատվության ենթարկված չլինել, հիմա ՓՊ-ն առաջարկում է անհետաձգելի միջամտության ասենք՝ հաշվառման դրույթը կիրառել միայն հանցագործություն կատարած իրավախախտների հաշվառումը, արդյոք սա վտանգավոր չէ, Զոհրաբյանը պատասխանեց.«Այսօր քրեական օրենսգիրքը պատիժ է նախատեսում, բայց դա մարդկանց չի խանգարում գնալ ու հանցագործություն գործել: Մեր առաջարկը հետեւյալն է՝ քանի որ, օրինակ՝ նախազգուշացման ժամանակ այն որոշելու չափանիշը շատ ցածր է՝ աչքաչափով որոշում են՝ անձը իրավախախտ է, թե ոչ: պատկերացրեք ոստիկանը այդ պահին եկավ ու աչքաչափով ասաց՝ այ, դու իրավախախտ ես»:

Թե ինչո՞ւ է Զոհրաբյանն այն կարծիքին, որ իրավախախտումը աչքաչափով է որոշվելու, մեր այս հարցին այսպես պատասխանեց. «Որովհետեւ չի տալիս այնպիսի պայման, որ կարողանաս հստակ ինչ-որ հետազոտություն իրականացնես, ապացույցներ հավաքես եւ դրա արդյունքում որոշես՝ այդպե՞ս է, թե՝ ոչ:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930