Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամբաստանյալը դո՜ւ ես». դատախազի պահվածքից զայրացած «Դեդը» ցանկացավ լքել նիստը (Տեսանյութ)

Նոյեմբեր 28,2017 17:07

2016թ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործով դատական նիստն այսօր վերսկսվեց առանց Մարտիրոս Հակոբյանի շահերի պաշտպաններ Երվանդ Վարոսյանի եւ Լուսինե Սահակյանի: Նրանք մինչեւ ընդմիջումը դատավոր Արթուր Օհանյանին տեղեկացրին, որ քննչական գործողության պետք է մասնակցեն:

Դատավորը որոշեց նիստը շարունակել նրանց բացակայությամբ՝ համարելով, որ եթե, օրինակ, մյուս ամբաստանյալների առնչությամբ միջնորդություններ լինեն, դա չի հակասի Հակոբյանի շահերին:

Պաշտպանական կողմը, սակայն, չհամաձայնեց: «Դուք խախտում եք քրեական դատավարության օրենսգրքի նորմերը եւ պաշտպանական իրավունքը ու այդ կերպ շահագրգռվածություն եք ցուցաբերում ընդդեմ Մարտիրոս Հակոբյանի, որի պաշտպանները ներկա չեն»,-պնդեց պաշտպաններից Լիպարիտ Սիմոնյանը, ապա միջնորդեց հետաձգել նիստը:

Մեղադրող դատախազները դատավորի հետ համամիտ էին, ուստի նրանցից Հակոբ Ենոքյանը միջնորդության դեմ առարկեց:

Դա բարկացրեց Մարտիրոս Հակոբյանին: «Ինձ չի՜ հետաքրքրում, ես գնում եմ, ուզում եք՝ խփեք…չե՜մ նստելու»,-բղավեց նա ու ցանկացավ հեռանալ նիստերի դահլիճից՝ առանց դատավորի թույլտվության: Ուղեկցող ոստիկանները, սակայն, կանգնեցրին նրան:

Դատախազը դատավորին խնդրեց ամբաստանյալին սաստել, սակայն «ամբաստանյալ» դիմելաձեւն էլ ավելի զայրացրեց «Դեդին»: «Ամբաստանյալը դո՜ւ ես»,-նետեց նա դատախազ Հակոբ Ենոքյանի հասցեին:

Ի վերջո, կողմերի միջեւ բանավեճից հետո դատավորը որոշեց նիստը հետաձգել: Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» գործը քննվում է երեք առանձին մասերով՝ դատավորներ Արթուր Օհանյանի, Մեսրոպ Մակյանի եւ Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930