Լրահոս
Օրվա լրահոսը

Գենդերային բռնության դեմ պայքարն ու օրենսդրական դաշտի բացերը Հայաստանում

Նոյեմբեր 28,2017 17:01

Նոյեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ին նվիրված մամլո ասուլիս «Գենդերային բռնության դեմ պայքարն ու օրենսդրական դաշտի բացերը Հայաստանում» թեմայով։

Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակը համաշխարհային շարժում է`ուղղված կանանց դեմ բռնության բոլոր ձևերի վերացմանը, որն անցկացվում է նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը:

Ասուլիսին մասնակցում էին ընտանեկան բռնությունը վերապրած Սիրանուշ Գալոյանը, Կանանց ռեսուրսային կենտրոնի փաստաբան Նվարդ Փիլիպոսյանը և Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Արփինե Արգուշյանը:

Ըստ Կանանց իրավունքների կենտրոնի տվյալների` 2017-ի հունվարից հոկտեմբեր ամիսներին երևանյան գրասենյակի թեժ գծին ստացվել է 1513 զանգ, որից 1222-ը ընտանեկան  բռնության դեպքերով: Կանանց  խորհրդատվական և աջակցման կենտրոններ եղել է 399 այց, որից 129-ը առաջնային, 270-ը` կրկնվող:

«Մեր մարզային ճգնաժամային կենտրոնները միասին ստացել են 2163 զանգ թեժ գծով, որից 1744-ը եղել են ընտանեկան բռնության զանգ: Մարզային աջակցման կենտրոններ այցերի թիվը ընդհանուր եղել է 937: Մենք աշխատում ենք Վանաձորում, Գավառում, Եղեգնաձորում, Գյումրիում և Երևանում»,-ասում է Արփինե Արգուշյանը:

Նա ընդգծում է, որ իրենք բռնության ենթարկված կանանց և երեխաներին տրամադրում են իրավաբանի, հոգեբանի անվճար ծառայություն, խորհրդատվություն:

«Ապահովում են փաստաբանի ներկայացուցչությունը դատարաններում, եթե դեպքը հրատապ է, ուղղորդում ենք նաև ապաստարան: Մենք պաշտպանում ենք թե՛ ընտանեկան բռնությունից տուժած կանանց, թե՛ երեխաներին»,- հավելեց Արփինե Արգուշյանը:

Սիրանուշ Գալոյանն ասում է, որ ընտանեկան բռնությունը հանցագործության մի տեսակ է, որ կատարվում է փակ դռների հետևում:

«Մարդը, որը ենթարկվում է բռնության, պետք է այդտեղից դուր գա, այդ միջավայրից նրան պետք է հանել, որովհետև այնտեղ նա կարող է ենթարկվել շարունակաբար թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական բռնության: Օրենքի դաշտը բաց է: Եթե նոր օրենքը գործող լինի և համապատասխան մարմինները լավ աշխատեն, օրենքը կազդի…Բռնություն գործադրողի համար կարևոր է, որ զոհը մեկուսացվի հասարակությունից, հարևաններից, հարազատներից, ես կոնկրետ իմ դեպքով եմ դա ասում: Իսկ հայտնվելով մեկուսացման մեջ` զոհը սկսում է կախվածության մեջ լինել բռնարարից»,- ասում է Գալոյանը:

Նվարդ Փիլիպոսյանն էլ նշում է, որ Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին օրենքի նախագծի նպատակը ընտանեկան բռնության զոհերին պաշտպանելն է:

«Այսինքն օրենքը մեխանիզմներ է նախատեսում՝ ինչպիսիք անհետաձգելի միջամտությունն է և պաշտպանական որոշումը, որով բռնանարը որոշ ժամանակով պետք է հեռու մնա այնտեղից, որտեղ բնակվում է բռնության ենթարկված անձը կամ բռնության ենթարկվածին ապաստան տեղափոխելու հնարավորություն տալ: Սրանք մեխանիզմներ են, որոնք հնարավորություն կտան բռնության ենթարկված անձանց պաշտպանության ինչ- որ օղակ գտնել»,- ասում է Փիլիպոսյանը:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930