«Մեզ շանտաժով տարան ԵՏՄ»,- «Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց միջազգային հարցերով փորձագետ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:
Անդրադառնալով ՀՀ ԱԺ-ում անցկացվող՝ ԵՏՄ-ից դուրս գալու հարցով լսումներին՝ պարոն Իգիթյանը նշեց, որ այդ հարցն իշխանության մեջ գտնվող քաղաքական թիմը չի քննարկում ընդհանրապես:
Ըստ նրա՝ այսպիսի քննարկում պիտի լիներ դեռ 2013-ին: Մյուս կողմից Հայաստանը պետք է կարողանար ավելի ճկուն ներկայացնել իր՝ ԵՏՄ-ին անդամակցությունը:
Ըստ պարոն Իգիթյանի՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո մենք զարգացման դրական միտումներ չենք տեսնում. Հայաստանում նվազում են արտասահմանյան ներդրումները, իշխանական ճամբարից բերում են թվեր, որոնք կապ չունեն իրականության հետ, քանի որ դրանք Ռուսաստանի ֆինանսական հոսքերն են, որոնք սպասարկում են ՀՀ-ում ռուսական ռազմական բազան և ռուսական ընկերություններին:
Պարոն Իգիթյանի հավաստմամբ՝ անգամ ամենահավատացյալ ՀՀԿ-ականները լսումների ժամանակ չեն բերում տնտեսական հաշվարկներ. «Եթե ամփոփենք բոլոր ելույթները և ակնարկները, որոնք ՀՀԿ-ի ներկայացուցիչները բերում են, կարող ենք գալ այն եզրահանգման, որ եթե մենք այդ կառույցում չլինեինք, մեզ կպատժեին, մեզ Ուկրաինայի օրը կգցեին։ Սա խոսում է այն բանի մասին, որ մեզ շանտաժով տարան ԵՏՄ»:
Հովհաննես Իգիթյանի բնորոշմամբ, եթե կա մի կառույց, որտեղից դուրս գալու համար քեզ պատժելու են, դա նշանակում է, որ այդ կառույցը բարեկամական չէ. «Մենք գտնվում ենք մի կառույցում, որտեղ Ղրղըզստանը լրիվ ճնշված է և որևէ ազդեցություն չունի, Բելառուսն ու Ղազախստանն ունեն հակահայկական տրամադրություններ, և կա Ռուսաստան, որը խաղում է մեր և Ադրբեջանի հակասությունների վրա։ Որևէ բարեկամ այնտեղ չունենք։ Մենք հիմա Եվրոպայում կամ Եվրոպայից դուրս ավելի շատ ընկերներ ունենք, նույն Իրանը մեզ ավելի շատ ընկեր է, քան ԵՏՄ անդամ որևէ երկիր։ Այդ խնդիրը պետք է լուծվի»։
Հովհաննես Իգիթյանը հայտարարեց, թե այսօր մենք ունենք ԵՏՄ-ի կառավարություն. «Այն փաստը, որ այնտեղ հիմնական կորիզը վերցված է Գազպրոմից, Հայռուսգազարդից կամ Գազպրոմ Արմենիայից, դրանք նույնն են, ցույց է տալիս, որ այդ մարդիկ նույն քաղաքականությունն իրականացնող մարդիկ են, ինչպես աշխատում է Գազպրոմը: Իսկ այն ամենակոռումպացված հիմնարկն է»:
Անդրադառնալով ՀՀ քաղաքական օրակարգին՝ պարոն Իգիթյանն ասաց, թե հիմա ամենաքննարկվող հարցը Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնը ստանձնել-չստանձնելու հարցն է. «Սերժ Սարգսյանը Բրյուսելում առաջին անգամ անկեղծ պատասխանեց այդ հարցին, թե ինքը կողմնորոշված չէ…..սա է քաղաքական թիվ մեկ խնդիրը, որը քննարկվում է քաղաքական վերևներում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ