ՀՀ-ԵՄ համաձայնագրի հետ կապված Ռուսաստանի Առաջին ալիքի «Վրեմյա պոկաժետ» ծրագրում քննարկման ժամանակ հաղորդման հեղինակները համաձայնագրի ստորագրումը դիտարկել էին որպես ՌԴ դեմ ուղղված գործընկերություն, իսկ ռուս լրագրող, հեռուստահաղորդավար Մաքսիմ Շեւչենկոն, ասել էր, որ հայերը Ռուսաստանի թշնամիներն են:
Այսօր լրագրողները այս առնչությամբ «Միացյալ Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչ ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի անդամ եւ պատգամավոր Սերգեյ Ժելեզնյակին հարցրեցին՝ ՌԴ-ում բավականին մեծ հայ համայնք կա, այս տրամադրությունները չե՞ն ազդի նրանց նկատմամբ վերաբերմունքի վրա:
Նա մինչ այդ արդեն «Զվեզդայի» եւ այլ ԶԼՄ հրապարակումների հետ կապված ասել էր, որ ՌԴ-ում բազմակարծություն է, դեմոկրատական երկիր են եւ այլն: Ուստի այս հարցին ի պատասխան եւս կրկնեց՝ ՌԴ-ում բավականին մեծ քանակի մարդիկ են ապրում, ամեն մեկն ունի իր կարծիքը. «Շատ կուզենայի, որ այս կամ այն փորձագետները, կամ նրանք, որոնք իրենց փորձագետ են համարում, հրապարակային հայտարարություններում իրենց ասելիքում զուսպ լինեն եւ չասեն բաներ, որոնք կվիրավորեն, կհուզեն այլ մարդկանց»:
Սերգեյ Ժելեզնյակն ասաց, որ ՌԴ-ն բազմազգ պետություն է, ավելի քան 2 մլն հայեր են ապրում այնտեղ, իրենց հասարակության մաս են, հարգում են եւ այլն: Նա նշեց, որ նման վերաբերմունքը անթույլատրելի է ցանկացած ազգի նկատմամբ՝ անել հայտարարություններ, որոնք կարող են վիրավորական լինել որեւէ ազգի համար. «Նրանք, ովքեր հասարակական գործունեությամբ են զբաղվում, առավել եւս՝ քաղաքականությամբ են զբաղվում, պետք է լինեն կրկնակի պատասխանատու իրենց ասելիքի նկատմամբ»:
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հավելեց, որ ՀՀ-ում, երբ ֆիլտրում է լրահոսը, պարզ է դառնում, թե հակառուսական տրամադրությունները որ օղակից են գալիս, նույնն էլ ՌԴ-ում է՝ հակահայկական տրամադրությունների հետ կապված, ուստի դրանք չպետք է տարածել հայ-ռուսական հարաբերությունների վրա առհասարակ: Նա ասաց, որ պետք է զգույշ լինել, մանիպուլյացիաների չտրվելու, զոհ չգնալու համար:
Ժելեզնյակը պաշտոնապես եւ վստահ հայտարարեց. «Որեւէ հակահայկական տրամադրություն ՌԴ-ում չկա եւ չի կարող լինել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ