«ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծի վերաբերյալ Aravot.am-ի հետ զրույցում իր նկատառումները հայտնեց բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Սամվել Կարաբեկյանը: Նա տարակուսած էր հատկապես ազգային շահ արտահայտությունից, որը, պարոն Կարաբեկյանի խոսքով, կարող է դառնալ գործիք տարբեր տեսակի քաղաքական շահարկումների ժամանակ` հատկապես իշխանական շրջանակների կողմից: «Խոսում ենք կրթության միջազգայնացման մասին, սակայն ծրագրում մտցնում ենք նման աղոտ հասկացություն»,- շեշտում է բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետը: Նրա խոսքով, յուրաքանչյուր կրթված մարդ կարող է ունենալ բոլորովին տարբեր պատկերացումներ ազգային շահի վերաբերյալ. «Օրինակ, այսօրվա կառավարությունը եւ իշխանությունը վստահ են եւ համոզված են, որ «Ազգ-բանակ» հայեցակարգը լիովին համապատասխանում է ազգային շահին, մինչդեռ ես խորապես համոզված եմ, որ հակառակը` լրջագույն վտանգ է ազգային շահ կոչեցյալին»:
Սամվել Կարաբեկյանը նաեւ նշեց, որ կրթության զարգացման ծրագրում որեւէ տեղ ինքը չի հանդիպել համալսարանական դասախոսի կարգավիճակի, ակադեմիական ազատությունների զարգացման մասին որեւէ հիշատակում, իսկ այն դրույթները, որոնք վերաբերում են համալսարանական կրթությանը, նրա ձեւակերպմամբ, նեղ են ու ոչինչ չասող: «Գուցե դա պայմանավորված է նրանով, որ այժմ շրջանառության մեջ է դրված նաեւ Բարձրագույն կրթության մասին օրենքի նոր նախագիծը, բայց չէ՞ որ այդ երկու փաստաթղթերը պետք է որոշակիորեն համահունչ լինեին, եւ բարձրագույն կրթությանը ու համալսարանական ակադեմիական կրթության համար հենքային հասկացությունները արձանագրված լինեին նման կարեւորության հավակնող փաստաթղթում»,-հավելեց մեր զրուցակիցը:
Նրանից հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է քիչ միջոցներով որակյալ կրթություն ապահովել: «Քիչ փողով ոչինչ էլ նորմալ չես անի, բայց այստեղ հարցը արդյունավետության մեջ է, եթե դու գիտես, որ կարող ես ծախսել 5000 դրամ, կարեւորն այն է, թե դա ինչպես ես ծախսում, ինչպիսի առաջնահերթություններ ես դնում: Իհարկե, արդյունավետության մասին այսօրվա մեր կառավարման համակարգում առհասարակ անիմաստ է խոսելը»,- պատասխանեց պարոն Կարաբեկյանը:
Կրթության փորձագետը վստահ է, որ շատ բաներ կարելի է անել նաեւ առանց ֆինանսական մեծ ներդրումների, դրա համար բավական է ազատականացվի եւ դիվերսիֆիկացվի կրթական համակարգը, վերանա ուղղահայաց կառավարումը: «Ակադեմիական ազատությունները նշանակում են` ազատ, ինքնուրույն իր մեթոդը որոշող, ինքնուրույն կարծիք հայտնող, որեւէ կերպ տարբեր տեսակի ճնշումների տեսանկյունից չկաշկանդված մասնագետներ, իսկ այդ մասնագետը, եթե օգտվում է ակադեմիական ազատություններից, բնականաբար, իր դասավանդման մեթոդներն այլ են, իսկ դրանք անմիջականորեն ազդում են կրթության որակի վրա: Նա դառնում է նախաձեռնող, սկսում է ներազդել որոշումների կայացման վրա: Սրանք պարզ ճշմարտություններ են եւ նման հետազոտություններ իրականացնելը դոնոր կազմակերպությունների ներգրավմամբ, իմաստ չունի»,- ասում է Սամվել Կարաբեկյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Պարոն Կարաբեկյանը, նախքան ազատությունների մասին խոսելը, թող վերհիշի արաբագիտության ամբիոնում տիրող խայտառակ վիճակը իր՝ ամբիոնի վարիչ եղած տարիներին, երբ իր շուրջն էր հավաքել միայն իրեն անձամբ լոյալ դասախոս-ուսանողների և ամբիոնը սարքել հորանց տուն, որտեղ անգրագետ ծանոթները հինգեր էին ստանում և կարող էին անգամ շաբաթներով դասի չհաճախել։ Ի՞նչ ազատ մասնագետների մասին է խոսքը․․․