Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհրաբյանը հորդորում է Վահե Գրիգորյանին կուռք չսարքել եւ ասում՝ «Չկա բացարձակ իմաստուն մարդ» (Տեսանյութ)

Նոյեմբեր 28,2017 15:57

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը այսօր անդրադառնալով փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելուն, մասնավորապես Մուշեղ Շուշանյանի եւ Վահե Գրիգորյանի նկատմամբ վերջերս մեկը մյուսին հաջորդած կարգապահական վարույթներին, ասաց, որ նշված փաստաբաններն առերեւույթ անհարգալից վերաբերմունք են դրսեւորել փաստաբանների պալատի խորհրդի որոշման նկատմամբ:

Հիշեցնենք, որ ՓՊ պալատի նախագահ Արա Զոհրաբյանը օրերս փաստաբան Մուշեղ Շուշանյանի նկատմամբ կրկին կարգապահական վարույթ է հարուցել, Շուշանյանի՝ հարցազրույցներից մեկում արած այն արտահայտության համար, թե՝ «ՓՊ խորհուրդը արտակարգ դատարան եւ պատժիչ մարմին է դարձել փաստաբանների մի մասի համար»:

Aravot.am-ի հետ զրույցում էլ Շուշանյանը նաեւ նշել էր, թե պալատի այն դիրքորոշումը, թե բոլոր դեպքերում փաստաբանի՝ նիստերի դահլիճից դուրս գալն անթույլատրելի է՝ անկախ իր պաշտպանյալի դիրքորոշումից, մեղմ ասած՝ «անգրագետ իրավական դիրքորոշում է»:

Իսկ փաստաբան Վահե Գրիգորյանին ՓՊ-ն խիստ նկատողություն է հայտնել ու վերապատրաստման դասախոսությունների ուղարկել: Վահե Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել ֆեյսբուք սոցցանցում գրառում կատարելու համար. ՓՊ աշխատակազմի աշխատող Գեւորգ Գեւորգյանը համարել է, որ Գրիգորյանի այդ գրառումը վիրավորանք է իր հասցեին:

Մի խումբ փաստաբաններ միտում են տեսնում ՓՊ նախագահի՝ կոնկրետ փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մեջ: Այսօր Զոհրաբյանն անդրադառնալով այս խնդրին, ասաց. «Վարույթ հարուցելու առիթը քաղաքացու կամ ԶԼՄ-ի հրապարակումը, հիմքը՝ փաստաբանի արարքում առերեւույթ կա խախտման բնույթ: Ձեր նշած Վահե Գրիգորյանը հրապարակային հարթակում մեկ այլ փաստաբանի հասցեին վիրավորական արտահայտություններ է հնչեցրել: Այդ փաստաբանը բողոք էր գրել ՓՊ-ին, ես կարգապահական վարույթը հարուցել եմ: Հարուցելուց հետո ես այլեւս հնարավորություն չունեմ այդ վարույթի վրա ազդելու»:

Ինչ վերաբերում է Մուշեղ Շուշանյանի արած՝ «անգրագետ իրավական դիրքորոշում» հայտարարություններին, արդյոք սա վիրավորանք է, Զոհրաբյանն այսպես պատասխանեց. «Մենք ունենք վարքագծի կանոնագրքի մեջ կետ, որն ասում է՝ փաստաբանը պարտավոր է հարգել ՓՊ մարմինների որոշումները: Եթե փաստաբանը վարկաբեկում է իր համայնքը, իր համայնքի հեղինակությունը կասկածի տակ է դնում, դրանով իրեն է վնասում, եւ ոչ միայն իրեն, այլ՝ մյուս փաստաբաններին: Շուշանյանն ու որեւէ այլ փաստաբան հանգիստ կարող է քննադատել ինչ աստիճան խորության կուզի, բայց փաստաբանն իրավասու չէ մեկ այլ փաստաբանի վիրավորել, եւ փաստաբանը չի կարող խորհրդի որոշմանը նման գնահատական տալ: Օրինակ՝ եթե նա ասաց՝ անգրագետ որոշում է, հա, ինքը կարող է ասել՝ անհիմն է, անօրինական է, երբ ասում է անգրագետ, նշանակում է այնտեղ մարդիկ գրագետ չեն, իր կոլեգաները գրագետ չեն»:

Արդյոք ՓՊ-ն ունի համապատասխան մասնագետ, որը կկարողանա Վահե Գրիգորյանին վերապատրաստել, ըստ խորհրդի որոշման, այս հարցին ի պատասխան էլ Զոհրաբյանն ասաց. «Չի կարելի լինել կռապաշտ, չի կարելի մարդուն սարքել կուռք, Վահե Գրիգորյանը շատ գրագետ անձնավորություն է, բայց Վահե Գրիգորյանն, ըստ խորհրդի որոշման, որը դեռ ուժի մեջ մտած չէ, որովհետեւ Վահե Գրիգորյանը դա կարող է հանգիստ բողոքարկել եւ միգուցե դատարանը այլ դիրքորոշում ունենա, երբ խորհրդի որոշումը կմտնի ուժի մեջ, այսինքն` կհամարի, որ իրոք, Վահե Գրիգորյանը թույլ է տվել կանոնագրքի խախտում, ուրեմն խորհրդի որոշումն այդ պահից սկսած՝ Վահե Գրիգորյանը վերապատրաստման դասընթացի անհրաժեշտություն ունի: Ցանկացած մարդ, ցանկացած սուպերփաստաբան միշտ էլ իր գիտելիքները կատարելագործելու պարտականություն ունի եւ չկա այդպես բացարձակ իմաստուն մարդ»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930