Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ն, ինչպես Հայաստանը, ժողովրդավարական երկիր է, ցանկացած մարդ կարող է ունենալ իր կարծիքը». Ժելեզնյակը՝ «Զվեզդայի» ռեպորտաժի մասին. (Տեսանյութ)

Նոյեմբեր 28,2017 15:48

Այսօր «Единая Россия» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ, ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Ժելեզնյակն ու ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հրավիրած ասուլիսում անդրադարձան հայ-ռուսական հարաբերություններին, ՀՀ-ԵՄ համաձայնագրի հետ կապված ՌԴ-ի դիրքորոշմանը:

Երեկ Ժելեզնյակը նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ ՌԴ իշխող կուսակցությունը կողմ է հարաբերությունների եւ համագործակցության զարգացման «եւ-եւ»-ի, այլ ոչ թե «կամ, կամ»-ի քաղաքականությանը: Հայաստանն այդ համատեքստում է զարգացնում իր հարաբերությունները եւ բոլոր այն տեսակետները, որոնք տարբերվում են վերոնշյալ դիրքորոշումից, չեն արտահայտում ՌԴ պաշտոնական եւ իշխող քաղաքական ուժի մոտեցումները:

Այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ դուք  նման հայտարարություն արեցիք, արդյոք դա պետք է դիտարկել ռուսական այն ռեպորտաժների, ԶԼՄ հրապարակումների ֆոնին, ինչպես օրինակ, «Զվեզդա»-ի ռեպորտաժն էր, որը ՀՀ-ում բուռն հակազդեցություն առաջացրեց: Սերգեյ Ժելեզնյակը պատասխանեց, որ այդ դիրքորոշումը, որն արտահայտել է, իրենց կուսակցության տեսակետն է եւ այն համահունչ է ՌԴ իշխանական տեսակետին: Դա է ՌԴ-ի պաշտոնական տեսակետը:

Նա ասաց, որ նախագահի հետ շատ հարցեր են քննարկել եւ իհարկե, չէին կարող շրջանցել նաեւ այդ կարեւոր իրադարձությունը, ինչպիսին ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումն է. «Ռուսաստանը, եթե գիտեք, միշտ առավելագույն համագործակցության կողմնակիցն է եւ կողմնակից է այն ներուժի օգտագործմանը, որն ունի ցանկացած սուվերեն պետություն: Մեզ համար էլ տարօրինակ էր տեսնել արեւմտյան երկրների դիրքորոշումը ԵՄ-ի դիրքորոշմանը, որը հաճախ փորձում էր խոչընդոտել ՌԴ-ի հետ հարաբերություններին: Մենք կարծում ենք, որ Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները եւ իրավունքները, որ օգտագործի զարգացման ներուժը եւ այն կողմում, որը կապված է ՌԴ-ի հետ, եւ այն կողմի հետ, որը կապված է ԵՄ-ի հետ: Հատկապես, որ փաստաթղթերում հստակ ամրագրված է, որ ԵՄ-ի համաձայնագիրը որեւէ կերպ չի կարող խանգարել այն պայմանավորվածություններին, որոնք արդեն գոյություն ունեն»:

Նա ասաց, որ անվտանգության, տնտեսական եւ այլ հարցերում ՌԴ-ն շարունակելու է համագործակցությունն ընդլայնել Հայաստանի հետ:

Ինչ վերաբերում է տարբեր ԶԼՄ-ների տարբեր ռեպորտաժներին՝ Ժելեզնյակը պատասխանեց. «Ռուսաստանը ճիշտ այնպես, ինչպես Հայաստանը, ժողովրդավարական երկիր է, ցանկացած մարդ կարող է ունենալ իր կարծիքը: Մի բան է, երբ դա մասնավոր կարծիք է, մեկ այլ բան է, երբ դա ասում է պետական գործիչը»:

Նա հորդորեց ուշադրություն դարձնել Վլադիմիր Պուտինի հայտարարություններին եւ նրանց խոսքերին, որոնք ՌԴ-ի պաշտոնական տեսակետը կարող են ներկայացնել՝ միջազգային հարաբերությունների հարցերում:

Արմեն Աշոտյանն էլ հավելեց, որ անգամ ամենամտերիմ ընկերներն էլ պետք է կարողանան իրենց հարաբերությունները պահպանել ու ընդլայնել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930