Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր իր առանձնասենյակում ընդունեց սամբոյի աշխարհի չեմպիոն Գրիգոր Մխիթարյանին և բրոնզակիր Մաքսիմ Մանուկյանին։ Հիշեցնենք, որ այս երկու երիտասարդները հաջողություններ էին արձանագրել Սոչիում ընթացող սամբոյի աշխարհի առաջնությունում։
Սամվել Բալասանյանը իր հեռախոսով մեկ անգամ ևս դիտեց այն տեսանյութը, որտեղ Գրիգոր Մխիթարյանը 8:0 հաշվով պարտության է մատնում Ղրղըզստանը ներկայացնող Երգիշև Մուհամետալիին՝ հռչակվելով աշխարհի չեմպիոն։
Նշելով, որ 21 տարի շարունակ Շիրակի մարզը սամբոյից աշխարհի չեմպիոն չի ունեցել, 30 տարի շարունակ էլ բռնցքամարտից՝ քաղաքապետը բացականչեց․ «Ես աշխարհի ամենաերջանիկ քաղաքապետն եմ»։
Այնուհետ անդրադարձավ Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովին՝ ասելով․ «Ինձ հարցնում են, թե Բաչկովը հա՞յ է, ես ասում եմ զտարյուն գյումրեցի է»։
Սամվել Բալասանյանը, դիմելով Մաքսիմ Մանուկյանին, որը երկու տարի շարունակ աշխարհի բրոնզե մեդալակիր է դառնում, հաշիվ պահանջող տոնով հարցրեց՝ «Մաքսի՞մ»։ Մաքսիմը ժպտալով պատասխանեց․ «Մյուս տարի աշխարհի չեմպիոն եմ դառնում»։ Սամվել Բալասանյանը շարունակեց․ «Հաստա՞տ, վստա՞հ ես» ու դրական պատասխան ստանալով՝ ասաց․«Հալալ է»։
Գյումրու քաղաքապետն անդրադարձավ նաև մարզադպրոցների վիճակին՝ փոքր-ինչ անհարմար զգալով մարզիկների առաջ ու խոստովանելով, որ նորմալ պայմաններ չունեն, թեև փորձում են հերթով վերանորոգել։ «Դուք արժանի եք ավելիին, բայց մեր հնարավորությունները սա են»,-ասաց Սամվել Բալասանյանը։
Հանդիպման ժամանակ խոսք գնաց նաև Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցի մասին, Գյումրու քաղաքապետն ասաց, որ մտադրված են նոր մարզադպրոց կառուցել։
Քաղաքապետը «Նարեկ» նվիրեց չեմպիոններին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ