Լրահոս
Օրվա լրահոսը

Մալթայում փորձում են կոծկել նախարարների ապօրինի կապն Ադրբեջանի հետ

Նոյեմբեր 28,2017 15:22

Մալթայի կառավարությունը փորձում է կոծկել իր նախարարների դեմ այն մեղադրանքները, որոնց համաձայն, գազային գործարքների ընթացքում նրանք միլիոնավոր եվրոների կաշառքներ են ստացել հարուստ ադրբեջանցիներից: Այս մասին գրում է բրիտանական The Times պարբերականը:

Մալթացի նախկին ոստիկան Ջոնաթան Ֆերիսը պարբերականին պատմել է, որ կառավարությունը փորձում է իրեն թույլ չտալ տեղեկություններ հրապարակել այն մասին, որ Մալթան կապեր ունի Ադրբեջանի իշխող կլանի հետ:

«Ես կպայքարեմ այս տեղեկատվությունը բարձրաձայնելու համար, որն իսկապես վնասակար է մեր պետության, քաղաքական գործիչների և ներգրավված այլ կառավարական պաշտոնյաների համար,- ասել Ֆերիսը:

Ֆերիսը պնդում է, որ իրեն հեռացրել են Մալթայի ֆինանսական հանցագործությունների բաժնից, քանի որ չափազանց շատ էր հետաքրքրվում պետական խարդախությունների գործով: Նա նշել է, որ գաղտնիության մասին օրենքներով իրեն թույլատրված չէ անուններ նշել, բայց դատարանում կարող է ներկայացնել փաստաթղթեր, որոնցում կապացուցվի մալթացի պաշտոնյաների ապօրինի կապը Ադրբեջանի հետ: Ընդ որում, նրա խոսքով՝ ադրբեջանցիների կողմից այդ գումարները փոխանցվել են Մալթայի «Պիլատուս» բանկի և այլ ֆինանսական հաստատությունների միջոցով:

Պիլատուս բանկը հրաժարվել է մեկնաբանություն տալ գործի վերաբերյալ:

Ֆերիսի բացահայտումները կանխելու համար՝ Մալթայի գլխավոր դատախազը փորձում է վարույթն անցկացնել փակ դռների ետևում: «Նրանք նաև փորձում են ընդհանրապես թույլ չտալ, որ որևէ ապացույց ներկայացվի»,- ասել է Ֆերիսը:

Մալթացի պաշտոնյաների և Ադրբեջանի իշխող կլանի միջև ապօրինի գործարքների վերաբերյալ բացահայտումն առաջինն արել էր լրագրող Կարուանա Գալիցիան, որը այս տարվա հոկտեմբերին սպանվեց մեքենայի պայթյունի հետևանքով:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930