Լրահոս
Օրվա լրահոսը

Սերոբ Խաչատրյան. «Ծրագրում արտացոլված չեն Հայաստանի կրթության խնդիրները»

Նոյեմբեր 28,2017 14:46

Նոյեմբերի 28-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կայացած «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծի հանրային քննարկմանը մասնակցում էր նաեւ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Նրա խոսքով, մի քիչ երկար ժամանակահատված է վերցված` 2030 թվականը, ինչը հասկանալի է, քանի որ ծրագիրը փորձել են համապատասխանեցնել այլ փաստաթղթերի հետ:

Միեւնույն ժամանակ, Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ 13 տարին շատ է. «Լավ կլիներ 5 տարվա ծրագիր ունենալ, որովհետեւ այնքան արագ են փոփոխությունները, որ կարծում եմ՝ 5-6 տարի հետո մեր կրթության նախարարը, ով էլ լինի այդ ժամանակ, հաստատ կփորձի ձեւափոխել շատ բաներ: Ինչեւէ, բայց եթե նախարարությունը որոշել է այդպես, ես էլ փոխում եմ իմ պահանջները այս ծրագրից: Այսինքն, եթե վերցնում ենք երկար ժամկետ, ուրեմն ծրագիրը պետք է հավակնոտ լինի, որովհետեւ ես չեմ կարող 13 տարվա համար սովորական բաներ գրել, մինչդեռ ծրագիրը շատ բանաձեւային է, գրված են հայտնի բաներ…Կուզեի, որ ծրագրի տրամաբանությունը պահվեր եւ գրվեր այս ձեւով` ինչ իրավիճակ է Հայաստանում, ինչ խնդիրներ ունենք, ինչ ենք ուզում ունենալ եւ ինչ պետք է անենք այդ ճանապարհն անցնելու համար: Այդ ծրագրում ես չեմ տեսնում իրավիճակի նկարագրությունը: Այսինքն, արտացոլված չէ, թե այս պահին որոնք են Հայաստանի կրթության խնդիրները: Միանգամից սկսվում է, թե ինչ ենք ակնկալում, որոնք են թիրախները, սկզբունքները: Մյուսն այն է, որ կուզեի, որ գործողությունների մասը մի քիչ առանձնահատուկ լիներ եւ խուսափեինք բանաձեւային բաներից…Շատ կուզենայի, որ այս ծրագրի գործողությունները բխեին Հայաստանում տիրող իրավիճակից, օրինակ, Հայաստանի ուսուցիչները, դասախոսները, այդ թվում եւ ես, հոգնած ենք բարեփոխումներից, իսկ ծրագրում գրում ենք, որ պետք է վերապատրաստենք ուսուցիչներին: Եթե հոգնած մարդուն վերապատրաստենք, ինքն ավելի կհոգնի: Մեզ պետք են կրեատիվ, ոչ ստանդարտ, ավելի ոգեւորող բաներ: Նաեւ շատ կուզենայի, որ այս տեսակի ծրագրերում գրվեր ոչ թե ինչ ենք անելու, այլ ինչ չի կարելի անել»:

Սերոբ Խաչատրյանը նաեւ շեշտեց. «Որակի պահանջը կարեւոր է, բայց Հայաստանի դպրոցներում եւ բուհերում հաճախումների խնդիր ունենք: Ավագ դպրոցում, մագիստրատուրայում երեխաները սկսել են վատ հաճախել, եւ այդ համատեքստում որակի խնդիր լուծելը դժվարանում է: Կրթության ոլորտում ներդրումներ չենք անում, հետեւաբար ինչպե՞ս ենք այդ որակը ապահովելու»

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930