Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մակարյան. Գիտենք, թե ԲՈՒՀ-երը քանի հազար դոլարով են վաճառում թեկնածուականները (Տեսանյութ)

Նոյեմբեր 28,2017 14:34

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն այսօր խորհրդարանում ընթացող՝ «Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ընթացող բարեփոխումներն ու օրենսդրական հիմնախնդիրները» թեմայով լսումների ժամանակ 35 կետ նշեց, որոնք, իր կարծիքով, արտահայտում են ոլորտի հիմնական խնդիրները: Մասնավորաբար, ՀՀ-ի սոցիալ-աշխատանքային ցուցանիշները տարածաշրջանում շատ ցածր են, ունենք ցածր արտադրողականության եւ ցածր մրցունակության խնդիրներ, հավելյալ արժեք երեք ոլորտում է ստեղծվում` ՏՏ, ինժեներական եւ դեղագործական: Նա կարծում է, որ Հակամենաշնորհային հանձնաժողովը պետք է զբաղվի պետական եւ մասնավոր ԲՈՒՀ-երի ոլորտով: Ասում է`ԲՈՒՀ-երում ուռճացված հաստիքներ ունենք, միեւնույն առարկան տարբեր դասախոսներ են դասավանդում: Ինքն էլ գիտի, թե ԲՈՒՀ-երը քանի հազար դոլարով են վաճառում թեկնածուականները: Ասում է`արդյունաբերության ոլորտում ուսանողների 3,3 տոկոսն է սովորում, գյուղատնտեսության`1,9: Ուսումնական համակարգը լրիվ հումանիտար է, որը չի ծառայում տնտեսության եւ արդյունաբերության զարգացմանը:

«Եթե չունենք մակրո եւ միկրոտնտեսական զարգացման քաղաքականություն, չենք կարող խոսել կրթության, ըստ այդմ նաեւ տնտեսության զարգացման մասին»,- ասաց նա`հավելելով, որ Հայաստանի դեպքում ամենակարեւորը զբաղվածությանը միտված մակրոտնտեսական քաղաքականությունն է: Երկու կարեւոր ոլորտներ կան`գյուղատնտեսությունը եւ արդյունաբերությունը, որոնք դրա հիմք կարող են դառնալ եւ կրթության օրենքը չի կարող այս ամենից դուրս գտնվել:

Գագիկ Մակարյանը խոսեց մինչեւ 2025 թվականը զարգացման պլանի մասին: Ասաց` 256 էջանոց փաստաթղթի մեծ մասը ջուր է. «Մենք ոչ թե գիրք պետք է գրենք, այլ տեխնիկական փաստաթուղթ»: Գործատու-կրթական համակարգ կապի մասին էլ ասաց. «Քյաշ փողով չէ միայն գործատուների ներդրումը կրթական համակարգում, դա նաեւ մեր ժամանակն է եւ ինտելեկտը»:

Մանրամասները`տեսանյութում

Գագիկ Մակարյանը դժգոհ է նաեւ աշխատաշուկայի մոնիտորինգի համակարգերից, դրանք ճկուն չեն: Նկատում է`ապրանքների շուկան պետք է աշխատաշուկային ծառայի, աշխատաշուկան էլ՝ կրթությանը:

Դժգոհեց միջին մասնագիտական հաստատությունների պասիվությունից: Ասում է, ընդունելության շրջանում չպետք է «պրիմիտիվ ռեկլամով» զբաղվեն: Քոլեջների եւ գործատուների հարաբերություններն էլ բավարար չի գնահատում: «Ամեն քոլեջ մի քանի գործատու ունի, դա եղանակ չի փոխում»,- ասաց եւ բերեց Դանիայից օրինակներ: Ասում է նաեւ`քոլեջները արտասահմանյան գործատուների հետ բացարձակ չեն աշխատում: Նաեւ նկատում է`ԵՄ համաձայնագիր այս իմաստով լայն հնարավորություններ կարող է բացել: Օրինակ, իրենց միությունն այժմ Բուլղարիայի գործատուների միության հետ համագործակցության շրջանակներում Բուլղարիայի մեքենաշինական ոլորտի հետ են աշխատում: Հիմա կառավարության հետ բանակցությունների մեջ են, որ մեր ուսանողները Բուլղարիայում աշխատեն:

Երեւանի առաջին քոլեջի տնօրեն Պարույր Սանթրոսյանը վրդովվեց`դանիացի գործատուի եւ հայ գործատուի միջեւ համեմատությունը չի հասկանում, գոնե նրանց բիզնես մտածողությունները շատ տարբեր են: Իրենք աշխատում են գործատուների հետ, խնդիրը դա չէ, բայց միայն դա էլ լուծում չէ:

Գագիկ Մակարյանի դիտողությունը`քոլեջների ղեկավարները արտասահմանում վերապատրաստումներ են անցել, բայց հետեւություններ չեն արել, Պարույր Սանթրոսյանին դարձյալ դուր չեկավ: Ինքն իր օրինակներով փորձեց հակառակը ցույց տալ:

ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Վահրամ Մկրտչյանն էլ որոշ դեպքերում համամիտ չէր Գագիկ Մակարյանի դիտարկումների հետ: Հորդորեց. «Ձեր ներկայացուցիչների վրա ուշադրություն դարձրեք: Միայն աշխատաշուկան չի կարող կրթություն պատվիրել, նաեւ կրթությունն է աշխատաշուկա թելադրում: Տասնյակ տարիներով հետազոտությունները մնում են դարակներում, մինչեւ ներդրողին գտնեն»:

«Ինքս եմ բազմիցս ասել, որ տարիներ շարունակ գործատուները հետաքրքրված չեն եղել բարձրորակ մասնագետներ ունենալով: Կաշառք տալով խնդիր լուծել են, միշտ այդպես էլ ասել են՝ կգա պահը, կաշառք կտանք, խնդիրը կլուծենք: Հիմա ժամանակներն առաջ են գնում, կառավարությունը լուրջ պայքարում է կոռուպցիայի դեմ, ստվերի դեմ»,-պատասխանեց Գագիկ Մակարյանը`հավելելով, որ գործատուների որակն էլ գալիս է կրթության որակից:

Հավելում է` պետական պատվերները պետք է համապատասխանեն աշխատաշուկայի պահանջներին: «Մագիստրոսական թեզերի թեմաները պետք է բխեն աշխատաշուկայի պահանջներից: Մենք չենք ասում՝ բոլոր տեղերը տվեք մեզ, բայց մենք ասում ենք, որ քվոտավորված տեղերը կարող ենք վերցնել: Ավելին` ասեմ, մենք առաջարկել ենք, որ եթե գործատուների ուզած թեմաներով կլինեն մագիստրոսական թեզերը, պատրաստ են մինչև 20 տոկոսով վճարել վարձը՝ թեթեւացնելով բյուջեի բեռը: Պետական բուհերի խորհուրդը զավեշտական ու անհասկանալի պատասխան էր տվել՝ ուսանողի ու նրա ղեկավարի անհատական խնդիրն է, որ դուք կապ չունեք թեմա առաջարկելու հետ»:

Ինքը կարծում է`սրա տակ կա լուրջ կոռուպցիոն ռիսկ. «Մենք լավ գիտենք, թե ԲՈՒՀ-երը քանի հազար դոլարով են թեկնածուական կամ դոկտորական թեզերը վաճառում, քանի անգամ են պտտվում դրանք, ինչ նպատակների են ծառայում: Եթե ուզում ենք լուծել խնդիրը, եկեք, լուծենք»: Այս հարցով ինքը նամակ է գրել վարչապետին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930