Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ փոխնախարար. «ՀՆԱ-ի 2 %-ից ցածր ֆինանսավորումը վտանգավոր սահման է» (Տեսանյութ)

Նոյեմբեր 28,2017 14:24

Նոյեմբերի 28-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կայացավ «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծի հանրային քննարկում` կրթության ոլորտում գործող հ/կ-ների, հիմնադրամների և նախաձեռնությունների, ինչպես նաև կրթության փորձագետների հետ: Քննարկումը վարում էր ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը:

«Կրթության զարգացման պետական ծրագիրն օրենքի ուժ է ունենալու մինչեւ 2030 թ., հիմնականում նախանշվում են այն անելիքները, որ պետությունն իր առջեւ դրել է: Այսօր հանրային քննարկում ենք իրականացնում, մինչ այս քննարկումը եղել է եւս մեկը: Քննարկումների շարքը կշարունակվի»,-ասաց փոխնախարարը:

Aravot.am-ի հարցին` քիչ ֆինանսավորմամբ հնարավո՞ր է լավ կրթություն, մանավանդ գնալով կրթության ոլորտին հատկացվող գումարները նվազում են, եւ արդյոք մեծ չէ՞ «թռիչքը» մինչեւ 2030 թ., Դավիթ Սահակյանը պատասխանեց. «2030թ. պայմանավորված է մի քանի փաստաթղթերով, որոնց պետք է համահունչ գնանք, օրինակ, Կայուն զարգացման նպատակները, կրթության զարգացման միջազգային չափանիշները եւ այլն: Բացի դրանից, կրթության մասին անհնար է խոսել կարճ, ընդհանրապես կրթությունը պլանավորում են առնվազն 10 տարով…Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, անշուշտ, որքան գումարը շատ, այնքան լավ, կրթությունն այն ոլորտն է, որտեղ ֆինանսների վերին սահմանափակում դնելն անհնար է: 2018-2019 թթ. պետությունն անցնում է ծրագրային ֆինանսավորման, եւ այս ծրագիրը ենթադրում է նաեւ այլ ծրագրեր, որոնք կներկայացվեն բյուջեի կազմման ժամանակ եւ հավելյալ ֆինանսավորում կարվի»:

Փոխնախարարն ասաց, որ փաստաթղթի վերաբերյալ բոլոր դիտողություններն ու առաջարկությունները քննարկվում են, հաշվի են առնվում եւ հետեւություններ են արվում:

Aravot.am-ի հարցին, եթե բնորոշելու լիներ կրթության բյուջեն, ինչ բառերով կբնորոշեր, Դավիթ Սահակյանը պատասխանեց. «Նախարարն էլ է ասել ԱԺ-ում, որ կա սահման, որից ներքեւը վտանգավոր է, դա ՀՆԱ-ի 2 %-ն է: Սա եւս հնչել է առաջարկությունների մեջ եւ ամրագրելու ենք այս նախագծում, որ 2 % ներքեւ նվազում տեղի չունենա»:

ԿԳ նախարարության զարգացման ծրագրերի և մոնիտորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը փաստաթուղթը ներկայացրեց տեսապատկերների միջոցով: Խոսեց առաջնահերթությունների մասին :

Մանրամասները` տեսանյութում:

Քննարկումը բուռն էր: Օրինակ, Երեւանի ավագանում «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը մտահոգություններ ուներ ներառական կրթության, կրթության ֆինանսավորման, երեխաների քննադատական մտածողության եւ այլ հարցերի վերաբերյալ: Նրա խոսքով, փաստաթղթում ծեծված արտահայտություններ են, տարակուսանք է առաջացնում նաեւ համազգային շահ ձեւակերպումը: Նրա համար տարօրինակ էր «արդարացի, որակյալ կրթություն» ձեւակերպումը:

Մանրամասները` տեսանյութում:

Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը նկատեց, որ կրթությունը պետք է կարողանա շատ հարցեր լուծել, սակայն փաստաթղթում խոսք չկա, օրինակ, վերլուծական հմտությունների, կիրառելիության եւ այլընտրանքային լուծումներ գտնելու, ստեղծագործ լինելու վերաբերյալ. «Ժամանակ է գալու, որ մարդիկ իրենց աշխատանքները կորցնելու են, քանի որ լինելու են ռոբոտներ, համակարգիչներ, ուստի մարդը պետք է կարողանա շատ արագ իր գիտելիքները կիրառի նոր միջավայրում…Մյուս կետը, որ պետք է ներառվի, դա մարդու, անհատի հոգեկան հավասարակշռությունն է»:

Մանրամասները` տեսանյութում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930