Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) ծառայության Վանաձորի տարածքային ստորաբաժանումն արդեն մի քանի տարի է, ինչ տեղափոխվել է Վանաձորի քաղաքապետարանի շենք: Նախկին տարածքը, որտեղ տեղակայված էր զագսը, թեեւ արտաքուստ շենքը գեղեցիկ էր, սակայն այն ուներ անմխիթար պայմաններ: Բացի այն, որ շենքը չուներ համապատասխան պայմաններ եւ գույք, շենքում շատ էին նաեւ կրծողները:
Իսկ հիմա շենքի ներսը վերածվել է աղբանոցի՝ հատակին գցված են հին ու փչացած համակարգիչներ, նաեւ ժամանակին այստեղ իրենց ամուսնությունը գրանցած զույգերի փաստաթղթեր ու նկարներ: Իսկ պատերին գրված են ամենատարբեր արտահայտություններ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին Վանաձոր կատարած այցի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել էր, որ Վանաձորը փորձելու են զարգացնել՝ քաղաքի տարբեր հատվածներ վերածելով զբոսաշրջային կենտրոնների: Այդ տարածքների մեջ էր մտնում նաեւ այս շինությունը:
Իսկ մինչ այդ, այս պահին շենքը գտնվում է, մեղմ ասած, բարձիթողի վիճակում:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ