«Այնտեղ լավ բաներ շատ կային, բայց մենք ոնց որ մոռացել ենք»,- խորհրդարանում նման դիտարկմամբ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին դիմեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը: Նախարարն իր խոսքում խորհրդային տարիների փորձից էր օրինակներ բերել:
Այսօր խորհրդարանում մեկնարկել են «Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ընթացող բարեփոխումներն ու օրենսդրական հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումները:
«Խնդիր ունենք բացահայտել այն հնարավորությունները, որոնք ստեղծված են այս ոլորտում գործունեության համար: Բյուջետային միջոցների սղությունը չպիտի խանգարի անհրաժեշտ կադրերի պատրաստմանը»,- իր խոսքում ասաց Վարդան Բոստանջյանը:
ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն իր 30 րոպեանոց ելույթում ներկայացրեց Հայաստանի կրթության արդի վիճակը, անդրադարձավ թերություններին`դրանք բացատրելով անցած 25 տարիների իրադարձությունների համատեքստում, խոսեց ապագա անելիքներից:
Նախարարը նշեց, 1998 թվականին, երբ ընդունեցին կրթական քաղաքականության փաթեթը, նախատեսվում էր ունենալ ոլորտի մայր օրենք, որը կդիտարկեր կրթության համակարգն ամբողջության մեջ՝ իր բոլոր աստիճաններով:
Հետո քաղաքականությունը փոխվեց. 2000-ականների սկզբին կրթակարգի հետ միաժամանակ փորձ էր արվում յուրաքանչյուր ոլորտը սեգմենտավորել: «Այստեղ ամենակարեւորն անցումների ու կամուրջների անկատար լինելն էր: Սա որոշակի հակասություն առաջացրեց օրենսդրության մեջ: Հիմա նորից կրթակարգի գաղափարախոսությանն ենք վերադարձել»,- ասաց նախարարը` հավելելով, որ աստիճանաբար սկսում է ջնջվել միջին մասնագիտության եւ բակալավրիատի միջեւ եղած տարբերությունը:
Նա կարեւորում է դպրոցից անցումը միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթության շրջանը: «Մենք ընտրել ենք անհատի ազատականությունը մինչեւ վերջ՝ մինչեւ 12-րդ դասարան պահպանվելը: Այստեղ արդեն գալիս է նյութական լուրջ ռեսուրսների խնդիրը: Մեկ այլ խնդիր է այն, որ միջին մասնագիտականներն ու ուսումնարանները միասին մոտ 100 հաստատություն են, այստեղ գալիս է նրանց մասնագիտությունների ցանկը: Ցավոք սրտի, ճգնաժամի պատճառն այդ ոլորտում աշխատաշուկայի փլուզումն էր, քաոսային շարժումը»: Լեւոն Մկրտչյանը նկատի ունի այն, որ 1990-ականներին, երբ աշխատաշուկան փլուզվեց, առանձին մասնագիտություններ ակամայից գերակայություն ստացան: «Երկիրը սկսեց կորցնել իր համար շատ կարեւոր մասնագիտությունների որակ, որոնք երկրի առաջընթացի համար շատ կարեւոր են: Մեր բարեփոխումների ամենակարեւոր խնդիրներից մեկը միջին մասնագիտական հաստատությունների բերելն է իրենց առաքելությանը»,- ասաց նա` հավելելով, որ այժմ աշխատուժի պակաս կա շինարարական, ինժեներական, մեխանիզատորական ուղղություններով: Առաջարկվող կրթակարգը կլուծի այդ հարցերը, նաեւ կբեռնաթափի հոսքը բակալավրիատ:
Ասաց`հիմա բանակցում են «Գրանդ հոլդինգի» հետ, «Գրանդ քենդիի» եւ «Գրանդ տոբակոյի» համար միջին մասնագիտական բազա հիմնելու համար
Ոլորտը ոտքի է հանվելու ԵՄ-ի դրամաշնորհային ծրագրերով, ինչի համար շնորհակալ է: Բայց ասում է դեռ շատ բան կյանքից կտրված է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ