Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես և պարոն Զարիֆը առիթը բաց չենք թողնում հանդիպելու». Էդվարդ Նալբանդյանը՝ Իրանի ԱԳ նախարարի հետ համագործակցության մասին

Նոյեմբեր 28,2017 12:32

ՀՀ ԱԳՆ-ում Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարեցին, որ հայ-իրանական քաղաքական և տնտեսական հարաբերությունները զարգացում են ապրում:

Պարոն Նալբանդյանը նշեց, թե իր ու իրանցի գործընկերոջ հանդիպումների հաճախակիությունից բոլորն են տեղյակ ու վստահեցրեց. «Ես և պարոն Զարիֆը հանդիպելու առիթը բաց չենք թողնում ոչ միայն Թեհրանում և Երևանում, այլև միջազգային հարթակում»:

Պարոն Նալբանդյանը տեղեկացրեց, որ Իրանի ԱԳ նախարարի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև տնտեսական համագործակցության հետ կապված հարցեր. «ԵԱՏՄ-Իրան համագործակցության հաստատումը կարող է առաջընթաց ապահովել հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման համար»:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված բանակցություններին՝ Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ ՀՀ-ն կարևորում է միջազգային իրավունքի հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Իրանի հավասարակշռված, սկզբունքային դիրքորոշումը:

Իրանի ԱԳ նախարարը շեշտեց, թե բավականին լավ հնարավորություններ են ընձեռնված ՀՀ-ին և Իրանին տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար: Նա նշեց, որ իր հետ Հայաստան են ժամանել Իրանի տնտեսական ոլորտի ներկայացուցիչներ, գործարարներ:

Իրանի ԱԳ նախարարը հայտնեց. «Հայ-իրանական տնտեսական համագործակցության շրջանակում ՀՀ-ի հետ էներգետիկ և տարանցման ոլորտը առաջնայինն են: Կարևորվում է նաև բնապահպանության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը»:

Ասուլիսի ավարտին Իրանի ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց ՀՀ-ին միջազգային հարթակում Իրանին աջակցության համար:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930