Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվում Է՝ մեր դատավորները սոցիալապես անապահով են, աշխատավարձը ցածր է, թոշակն էլ իջեցրել են

Նոյեմբեր 28,2017 11:51

Ինչպես տեղեկացրել ենք, ԵՄ աջակցությամբ ՀՀ-ում 2016-ից իրականացվում է «Արդարադատության մոնիտորինգ» ծրագիրը: Այսօր ներկայացվեցին մոնիտորինգի արդյունքները, ըստ որոնց, փորձագիտական խումբը եկել է եզրակացության, որ դատական հայցերի թիվը անհամարժեք է դատավորների քանակին, նման ծանրաբեռնվածության դեպքում անհնար է արդարադատության բարձր որակ ապահովել: Ֆինանսական խնդիրների պատճառով կան դատարաններ, որոնք չունեն տպիչներ, համակարգիչներ, ծանուցումների առաքումն անգամ խնդիր է, մարզային որոշ դատարաններում նիստի արձանագրությունը դեռ թուղթ ու գրիչով է կատարվում, չի ձայնագրվում:

Չնայած հասարակությունը բողոքում է դատավորների բարձր աշխատավարձերից՝ սոցիալական այս ծանր պայմաններում, բայց ծրագրի պատասխանատուները զեկույցում եկել են եզրակացության, որ մեր դատավորների սոցիալական ապահովության աստիճանը շատ ցածր է, սահմանված աշխատավարձը համարժեք չէ աշխատանքի ծավալին, դատավորների կենսաթոշակն էլ նվազեցվել է 70 տոկոսից 55 տոկոս, իսկ դատավորներին օժանդակող աշխատակազմի աշխատավարձը չնչին է:

Ուստի ծրագրի փորձագետները հորդորում են կառավարությանը դատավորների աշխատավարձը համապատասխանեցնել իրենց կատարած աշխատանքին:

Այս առնչությամբ Aravot.am-ը արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին հարցրեց՝ մենք սոցիալապես վատ ապրող երկիր ենք եւ բավականին թանկ ենք վճարում արդարադատություն ունենալու համար՝ դատավորների աշխատավարձն է բավականին բարձր, ի՞նչ ենք մենք ստանում դրա արդյունքում: Նախարարը պատասխանեց. «Ամեն ինչ համեմատության մեջ է: Եթե դուք նայեք, թե ինչքան գումար ենք մենք ծախսում արդարադատության ոլորտում, ապա կտեսնեք, որ ցավոք սրտի, մենք ծախսում ենք շատ քիչ գումար: Այդ առումով ձեր նկարագրած պատկերը ամենեւին իրականությանը չի համապատասխանում: Համադրեք եվրոպական ցանկացած այլ երկրի հետ, թեկուզ՝ դատավորների քանակով եւ դուք կտեսնեք էական տարբերություն, որ մենք մեզ շատ ավելի համեստ ենք պահում, որովհետեւ այս պահին չունենք հնարավորություն՝ մեզ թույլ տալ շռայլություն: Համադրենք դատավորի միջին աշխատավարձը Հայաստանում եւ այլ երկրներում՝ բաղդատված այդ երկրում միջին աշխատավարձի եւ ՀՀ-ում միջին աշխատավարձի հետ եւ կտեսնեք, որ անգամ այս առումով մենք դարձյալ շատ համեստ ենք: Ինչ վերաբերում է նրան՝ ունե՞նք մենք արդյունք, թե ոչ՝ եթե մենք բավարարված լինեինք արդյունքներով՝ հավանաբար ոչինչ չանեինք: Մենք բավարարված չենք արդյունքներով, դրա համար անընդհատ կատարում ենք նորանոր քայլեր, որպեսզի բարելավենք իրավիճակը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930