Եվրամիություն-Հայաստան համաձայնագրի ստորագրումը որոշակի շրջանակներում ոգեւորության տեղիք է տվել: Այնքան, որ չնկատելու են տրվում ԱլԳ գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթի ձեւակերպումը, որ Եվրամիությունը ճանաչում է գործընկեր երկրների ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը: Չի խոսվում նաեւ այն մասին, որ Եվրահանձնաժողովը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հորդորում է տնտեսական գործունեություն չծավալել Լեռնային Ղարաբաղում եւ «հարակից տարածքներում»: Ընդ որում՝ հղում է արվում Ադրբեջանի օրենսդրությանը: Հայրենական քարոզիչները խոսում են նույնիսկ ԼՂ հարցում «Թրամփի իրավարար վճռի» մասին՝ ակնհայտորեն տուրք տալով երեւակայությանը, երբ պնդում են, որ ԱՄՆ-ն ստատուս-քվոյի ամրագրման քաղաքականություն է վարում: Ո՞ւմ են ուղղված այդ էյֆորիկ հրապարակումները: Ի՞նչ է նշանակում այդ ամենը: Ինչո՞ւ է այդպես գունազարդվում իրականությունը:
Եվրամիության հետ Հայաստանի ստորագրած համաձայնագիրն ավելի շատ պարտականություն է, եւ ժամանակ է պետք, որպեսզի պարզ լինի, թե ինչ շոշափելի օգուտ կարող է այն բերել Հայաստանին: Անհասկանալի է, մանավանդ, թե այդ դեպքում որն է Արցախի տեղը: Ինչ վերաբերում է կարգավորմանը, ապա իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ բարդ եւ անկանխատեսելի: Այն, որ Եվրամիությունն ընդունում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատը, որ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը գործում են համաձայնեցված, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն Ադրբեջանի նախագահին հորդորել է հեռու մնալ նոր լարվածությունից, դեռեւս երաշխիք չէ, թե հարցը կկարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Ի վերջո, այդ կարգավորում ասվածն էլ մնում է խիստ անորոշ, որովհետեւ եթե գործի դրվելու լինեն մադրիդյան սկզբունքները, ապա անհասկանալի է մնում, թե որն է լինելու հայկական կողմի շահածը: Եվ այս իրավիճակում էյֆորիկ տրամադրությունների գեներացումը նման է ժանտախտի պահին խրախճանքի:
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում