«Ժամանակ»-ի զրուցակիցն է վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն։
–Պարոն Վասաձե, նոյեմբերի 24-ին Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին շրջանակային համաձայնագիր։ Ինչպե՞ս եք գնահատում այս փաստը, ի՞նչ կտա այն Հայաստանին։
-Դա Հայաստանի համար առաջին հերթին հնարավորություն է։ Ինչպես արդարացիորեն նշել է հայ փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ դա համաձայնագիր է ոչ թե Հայաստանի իշխանությունների, այլ ձեր երեխաների ու թոռների համար։ Այդ առումով ես շատ կարևոր եմ համարում համաձայնագրի ստորագրման փաստը։ Համաձայնագիրը տալիս է հնարավորություն, բայց ցանկացած հնարավորությունից օգտվել է պետք։ Հիմա խնդիրն այն է, թե Հայաստանը որքանով կկարողանա օգտվել այդ հնարավորությունից։
–Խնդիրն այս առումով Հայաստա՞նն է, թե՞ այն հանգամանքը, որ Մոսկվան հետագայում կարող է թույլ չտալ օգտվել այդ հնարավորությունից և իմպլեմենտացնել համաձայնագիրը։
-Հասկանո՞ւմ եք ինչն է հարցը։ Իհարկե, չպետք է թերագնահատել Մոսկվայի դերը, բայց և չափազանցնել էլ հարկավոր չէ։ Արդյոք Մոսկվա՞ն է մեղավոր, որ մեզ մոտ, ձեզ մոտ կոռուպցիայի ցուցանիշը բարձր է, անբարեխիղճ պաշտոնյաներ են, կամ այն, որ պետական համակարգում ինչ-որ մեկը վատ է աշխատում, մեղավորը Մոսկվա՞ն է, թե՞ հենց այդ մարդիկ, որ իրենց հայրենիքն այնքան էլ շատ չեն սիրում, որպեսզի բարեխղճորեն ծառայեն նրան։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ խնդիրը, մեծ հաշվով, Մոսկվան չէ։
Իհարկե, Մոսկվայի հարցն էլ կարող ենք առանձին քննարկել։ Ռուսաստանն առաջ է քաշում իր նախագիծը, բայց այս պահի դրությամբ փաստ է, որ համաձայնագիրը ստորագրված է։ Հիմա ամեն բան կախված է քաղաքական գործիչներից, հասարակական սեկտորի ներկայացուցիչներից, նաև լրագրողներից և ոչ այդքան շատ Մոսկվայից։
Մարիամ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում