Լրահոս
Օրվա լրահոսը

Արժե հնարավորինս արագ թոթափել հուզական ընկալումներն ու դրսեւորումները, թերեւս պահպանելով ոգեւորության տոնուսը. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 28,2017 10:39

Հայաստանի ու Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, ինչ խոսք, նշանակալի արտաքին-քաղաքական ձեռքբերում է։

Ավելին՝ առանց որեւէ սնապարծության կամ չափազանցման, կարող ենք ասել, որ այո, «փոքր ածու» Հայաստանը կարողացավ հնարավորինս շահեկանորեն օգտվել առկա իրողություններից եւ փաստաթղթային ձեւակերպման հասցնել «ե՛ւ-ե՛ւ»-ի մոտեցումը: Ըստ այդմ, մեր պետությունն այժմ ե՛ւ Ռուսաստանի նախաձեռնությամբ ձեւավորված ԵԱՏՄ լիիրավ անդամ է, ե՛ւ շարունակելու է խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ՝ նոյեմբերի 24-ին ստորագրված համաձայնագրին համապատասխան։

Սա հարկավ դիվանագիտական, պետական, քաղաքական ձեռքբերում է: Եվ ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, սա այն դեպքն է, երբ չարժե երկար-բարակ տարանջատել, այն իմաստով, թե դա ում ձեռքբերումն է։ Հակված ենք այն ընկալմանը, որ սա պետության քաղաքական համակարգի ձեռքբերումն է, առանց իշխանություն-ընդդիմություն-հասարակական սեկտոր տարանջատումների եւ անկախ նրանից, թե որ օղակում ով էր թերահավատ, ով հաստատակամ, իսկ ով լավատես։

Իսկ մեր ձեռքբերման նշանակությունը լիարժեք ընկալելու համար, կարծում ենք, կարելի է, նախ, թեկուզ հպանցիկ պատկերացնել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ՝ Եվրամիության ռեսուրսների ու հնարավորությունների ամբողջությունը, ապա դրանք համադրել սոցիալ-տնտեսական, կոմունիկացիոն, անվտանգության լրջագույն խնդիրներ ունեցող Հայաստանի ռեսուրսների ու հնարավորությունների ամբողջության հետ։ Թերեւս առանց հավելյալ մեկնաբանությունների կարելի է որոշակի պատկերացում կազմել, թե որքան բարդ ու դժվար պետք է լիներ Հայաստանի համար՝ հետեւողականորեն առաջ տանել սեփական դիրքորոշումը, որ արտացոլված է «ե՛ւ-ե՛ւ» ձեւակերպմամբ, հակառակ՝ «կա՛մ-կա՛մ»-ի։

Սակայն կարծում ենք, արժե հնարավորինս արագ թոթափել հուզական ընկալումներն ու դրսեւորումները, թերեւս պահպանելով ոգեւորության տոնուսը՝ առաջիկայում իրականացնելիք հետեւողական աշխատանքի համար։ Խիստ ցանկալի է, օրինակ, որ նույնպիսի կամ եղածի կես ու անգամ՝ կամ քառորդ ոգեւորությամբ ձգտենք իրագործել մեզանից կախված այն քայլերը, որ Հայաստանն իրավական, տնտեսական, սոցիալական, առողջապահական, գիտակրթական, բնապահպանական առումներով, մոտենա նույն այդ Եվրոպային: Մոտենա առնվազն այն չափով, ինչ չափով ու չափանիշներով դա ամրագրված է ստորագրված համաձայնագրում։

Բայց դա անենք ոչ թե սոսկ նրա համար, որ նման բան է գրված որեւէ փաստաթղթում, այլ որ մենք, մեր հասարակությունն իսկապես ցանկանում է հասնել դրան: Առանց այդ «իսկապես»-ի ոչինչ էլ չի ստացվի՝ ուզում է 3 համաձայնագիր կնքվի:

Արմեն Հակոբյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930