Անահիտ Բախշյանը՝ «Մարտիկ» հիմնադրամի մասին
«Մարտիկ» հիմնադրամի անհաշվետու գործունեության մասին վերջերս հարցում եմ արել արդարադատության նախարարին, որտեղից ստացել եմ պատասխան, թե իմ հարցումն ուղարկել են ՊԵԿ-ին, իսկ այնտեղից էլ պատասխանել են, թե «հիմնադրամի հաշվետվություններում ամեն ինչ ճիշտ է»:
ՊԵԿ նախագահ պարոն Վարդան Հարությունյան, եթե «Մարտիկ»-ի հաշվետվություններում ամեն ինչ ճիշտ է, ուրեմն ինչ-որ բան սխալ է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի հաշվետվություններում, կողմնորոշվեք եւ ի լրումն ինձ հասցեագրված Ձեր նախորդ նամակի, խնդրում եմ հանրությանն ու ինձ գրավոր տեղեկացրեք «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի գործունեության օրինական ընթացքի մասին ձեր «հեղինակավոր» կարծիքը:
Աչքիս առաջ ունենալով «Մարտիկ» հիմնադրամի փակ, գաղտնի գործունեությունը, սկզբում չեմ թաքցրել անվստահությունս «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի ստեղծման նկատմամբ ու երբ այդ մասին մի քանի օր առաջ նաեւ «Ժողովուրդ» թերթը հրապարակեց, որոշեցի դիմել Կենտրոնական բանկ ու հանդիպում խնդրել «Զինծառայողների ապահովագրության հմնադրամ»-ի տնօրեն Վարուժան Ավետիքյանի հետ, ով ինձ հանգամանալի ծանոթացրեց կայքի հետ: Այդ մասին արդեն հրապարակավ ասել եմ, որ այս հիմնադրամի գործունեության հրապարակայնությունը, թափանցիկությունն ու հաշետվողականությունն ապահովված է եւ յուրաքանչյուր լումայի շարժը հստակ երեւում է:
Շատ ուրախ եմ, որովհետեւ հասարակական վստահությունը վայելելու համար նման կայք ունենալը ցանկացած կազմակերպության համար շատ կարեւոր է: Երբ պարոն Ավետիքյանն ինձ մանրամասնորեն ներկայացնում էր կայքի բոլոր պատուհաններն ու բովանդակությունը, մտովի աչքիս առաջ եկավ «Մարտիկ» հիմնադրամի ոչինչ չասող կայքը, որի ուսումնասիրությունն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան հարցերիդ պատասխանն է տալիս: Նույնը՝ «Ազդարար»-ում դրված հաշվետվություններն են, որոնցում գրված է, որ նշված միլիոնավոր դրամները ծախսվում են կանոնադրական նպատակների համար: Մինչեւ 2017թ. փետրվարի 7-ը «Մարտիկի» կայքում ոչ մի հաշվետվություն չկար, երկարատեւ ու համառ պայքարից հետո, վերջապես 2016-ինը դրվեց կայքում, այն էլ «Նորություններ» վերնագրի տակ, որտեղ 2002-ից հետո՝ 2016-ին է միայն «նորություն» գրվել, այսինքն՝ կայքում առանձին «Հաշվետվություններ» պատուհան մինչ օրս գոյություն չունի: Սակայն գանք կանոնադրական նպատակներին: Հիմնադրամի կանոնադրությամբ գրված նպատակներն են. «Հիմնադրամի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայական կազմի կրթմանն ու վերապատրաստմանը, այդ բնագավառի նյութատեխնիկական բազայի հարստացմանը, ռազմական գիտության զարգացմանը»:
Հիմա մեջբերեմ 2017թ. հաշվետվությունից հետեւյալ տողերը. «2016 թ. Ամանորի նախօրերին մարտական հերթապահությունում ընդգրկված պաշտպանական բանակի 300 սպաների ընտանիքներին Ամանորի նվերների փոխանցում 4.650.000 դրամ, 2016թ. Ամանորի նախօրեին 1-ին պաշտպանական շրջանի մարտական դիրքեր այցելություն. Ամանորի նվերների հանձնում 672.000 դրամ, Հադրութի շրջանից զոհված ազատամարտիկ Հրաչիկ Բարդանյանի միայնակ ապրող մոր՝ Քնարիկ Բարդանյանի տան տանիքի վերանորոգման համար շինանյութի ձեռքբերում 1.813.930 դրամ, Սիրիայից Արցախ վերաբնակեցված Վրեժ Ասմարյանի կնոջ` Հասմիկ Ասմարյանի բուժման համար դրամական աջակցություն 2.305.618 դրամ, ՀՕՄ Արցախի մեկուսի կառույցի հետ (որը ՀՅԴ կառույց է, իսկ կանոնադրությամբ Հիմնադրամը չի հետապնդում քաղաքական նպատակներ եւ չի հարում որեւէ քաղաքական հոսանքի) Պաշտպանական բանակի առաջնագծում «Մայրական երախտագիտություն» ծրագրի համաֆինանսավորում 786.517 դրամ, «Արաքսի հովիտ» ծրագրի շրջանակում Արաքսավան բնակավայրում աշխատատեղերի ստեղծման ծրագրին աջակցություն (մոտ 25 աշխատատեղ) 2.320.000 դրամ, 2016 թ. ուսումնական տարում ՊԲ 5 լավագույն հրամանատարներին անվանական զենքով պարգեւատրում 8.615.900 դրամ»:
Պարոն Արթուր Աղաբեկյան, ասացեք խնդրեմ, թե ի՞նչ կապ ունեն այս ծախսերը կանոնադրական նպատակների հետ: Եթե այդքան առատաձեռն է այս հիմնադրամը, ապա ինչո՞ւ ոչ մի լումա չեք փոխանցել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին, որի «Նվիրաբերություններ» պատուհանում փնտրել ու չեմ գտել «Մարտիկ»-ի ներդրումը կամ ոչնչով չեք աջակցել «Աջակցություն վիրավոր զինհաշմանդամներին» հ/կ-ին: Ավելին, կանոնադրության մեջ գրված է, որ բանկում դրված մայր գումարն անձեռնմխելի է ու այն կօգտագործվի միայն Հայաստանի Հանրապետության համար օրհասական օրերին: Մի՞թե 2016-ի ապրիլը օրհասական չէր, երբ, բացի այս հիմնադրամից, ամբողջ աշխարհի հայությունը զորավիգ կանգնեց Հայաստանին ու Արցախին: Երեկ եւ այսօր մեր սահմանների անառիկությունը հսկայական միջոցների կարիք ունի, իսկ Դուք հայոց բանակի նկատմամբ աշխարհի հայության նվիրական զգացումների վրա խաղալով՝ հավաքած գումարներն ինչի՞ վրա եք ծախսում, 8.615.900 դրամ անվանական զենք նվիրելու համա՞ր, հրամանատարներին անվանական զենքը Ձեր գրպանից նվեր տայիք, իսկ այդ գումարով ապահովագրեիք սահմանների անվտանգությունը, որի շնորհիվ գուցե «Լելե Թեփե» բարձունքը չկորցնեինք: Դուք 22.05.2002թ. հայտարարել եք, թե 5 տարի անց անկիրթ հրամանատարներ չենք ունենալու, նրանց կրթությունը կազմակերպելու եք արտերկրում: Ասել եք՝ ասելու համար, բայց ոչ մի հաշվետվության մեջ չես գտնի, թե տվյալ տարում քանի՞սն են այդ գումարներով կրթվել եւ ո՞ր երկրում:
Հիմա ե՛ս չեմ ասում, թող կարդացողը մտածի, թե ի՞նչ կապ ունեն այս հսկայական ծախսերը զինված ուժերի սպայական կազմի կրթման ու վերապատրաստման, այդ բնագավառի նյութատեխնիկական բազայի հարստացման, ռազմական գիտության զարգացմանն ուղղված Հիմնադրամի կանոնադրական նպատակների հետ: Կարծում եմ, ո՛չ մի:
ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ
Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության եւ «Մարտիկ» հիմնադրամի անդամ
«Առավոտ»
28.11.2017