Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պարտադի՞ր է թշնամիներ փնտրել

Նոյեմբեր 28,2017 09:53

Մարդկային երեւակայությունը սահման չունի, ռուսաստանյան քարոզչությունը՝ նույնպես: Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման հետեւանքով մենք, ըստ այդ քարոզչության, կփակենք Մատենադարանը, կհրաժարվենք խաչքարերից եւ կարտոնենք նույնասեռական ամուսնությունները: Լավ է՝ չեն ասում, որ ամեն առավոտ պարտադրված կլինենք խմել նորածինների արյունը:

Այս եւ խանդի այլ տեսարաններն ու մեր հասցեին թունոտ մեկնաբանությունները Ռուսաստանի ամենեւին ոչ անկախ լրատվամիջոցների կողմից առավել զարմանալի են այսօր, երբ պաշտոնական Կրեմլն ասում է, որ այդ համաձայնագրում ոչ մի խնդիր չի տեսնում: Քարոզիչները կա՛մ համապատասխան ցուցում առայժմ չեն ստացել, կամ էլ «վերեւները» մի բան պաշտոնապես են ասում, մեկ այլ բան՝ «տակից բզում»:

Բայց դառնանք էությանը: Նման քարոզիչներից մեկը հայտարարել է, որ եվրոպական կողմնորոշում ունեցող հայերն իր երկրի թշնամիներն են: Շատ լավ, իսկ եթե ռուսները նման կողմնորոշում ունեն, նրանք նույնպե՞ս Ռուսաստանի թշնամիներն են: Վստահ եմ, որ հիմա այդ երկրում կան տասնյակ, գուցե հարյուր հազարավոր մարդիկ, որոնք այդ «թշնամական» դիրքորոշումն ունեն: Եվ այդպես է ոչ միայն այսօր: Եվրոպական արժեքներին են ձգտել Ռուսաստանի ղեկավարներից շատերը՝ սկսած Պետրոս Առաջինից, 19-րդ դարում ռուս մտավորականները, արվեստագետները, գրողները, ազնվականները տարվա մի քանի ամիսն անցկացնում էին Եվրոպայում, այսօրվա վերնախավի ներկայացուցիչների զավակների մեծ մասը կրթությունը ստանում է Արեւմուտքում, իսկ գործարարներից շատերի բիզնես կապերը դարձյալ այնտեղ են: Այդ ինչպե՞ս է ստացվել, որ Եվրոպան Ռուսաստանի համար թշնամի դարձավ:

Մյուս կողմից էլ՝ եվրոպացի որոշ գործիչներ (օրինակ՝ Բրյուսելի գագաթնաժողովում Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը) դիմում են չափից դուրս կարծր ճնշման՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ այնքան խելամիտ հաշվարկների, որքան հուզական պոռթկումների հիման վրա: Ռուսաստանը երբեք չի դառնա Խորհրդային Միություն, եւ շուկայական հարաբերությունների, համացանցի, երկաթյա վարագույրի բացակայության պայմաններում այն ջանքերը, որոնք Արեւմուտքը գործադրում է Ռուսաստանին «զսպելու» համար, ինձ թվում է, չեն համապատասխանում իրավիճակին: Ոչ ադեկվատ ռուսաստանյան քարոզչությանը, որի «նմուշները» բերեցի հոդվածի սկզբում, հաճախ հակադրվում են նույնքան անհեթեթ «հակառուսական» դրսեւորումները, երբ ամեն թփի տակ փնտրում են Պուտինի դավադրությունը: Բոլոր ճամբարների պարանոյիկները նույնն են:

Լավ կլիներ, իհարկե, որ այս հակասությունները հարթվեին: Բայց բոլոր դեպքերում ո՛չ եվրոպացիները, ո՛չ ռուսները մեր թշնամիները չեն: Մենք էլ` Հայաստանի քաղաքացիներս, որքան էլ տարբեր ձեւով մտածենք, ոչ առաջինների, ոչ էլ երկրորդների թշնամիները չենք: Ցանկալի է, որ ոչ մի կողմից մեզ «չքաշքշեն»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    Բայց էտ ձեր ասածների հետ միասին, Եվրոպան ի դեմս Ֆրանսիայի ու ԳԵրմանիայի հրով ու սրով եկելեա Ռուսաստանի վրա։ Ուրիշ դեպքերումել, եթե իրանք չեն եկել թուրքերին են քսի տվել։
    Հիմաել դե հրով ու սրով չեն կարա, տնտեսական պատերազմ են վարում։
    Ռուսների մի մասը կարողա մեծահոգիա ներումա եվրոպացիներին, մի մասը գնումա եվրոպա սովորելու, մի մասնել համարումա թշնամի, էտել իրանց իրավունքնա։

    Ըստ էության եթե նայենք, Արևմուտքը միշտել Ռուսաստանի թշնամիա համարել ու ամեն ինչ արելա թուլացնելու համար։
    Էտել պարզա։ Ասենք մի պահ պատկերացնենք Ռուսաստանը դառնումա շատ հզոր երկիր ուժեղ տնտեսությամբ ավտոմոբիլաշինությունով ամեն ինչով ու սկսումա համաշխարային շուկաներում լուրջ դիրքեր նվաճել, ուրիշներնել գալիս Ռուսաստան սովորելու։

    Էտ Արևմուտքին ձեռքա տալիս, Բնականաբար ոչ քանի որ էտ լինելու իրանց հաշվին։

  2. Հ.Շ. says:

    well… technically…

    մէկդի դնելով տակաւին այլ, բազմաթիւ նկատողութիւններ,
    նուազագոյնը՝ Թուրքիոյ կողմէ Հայաստանի շրջափակումը,
    անմիջականօրէն կապուած ըլլալով Արցախի ընթացիկ պատերազմին, պատերազմական քայլ է

    հետեւաբար, այս պահին իսկ, Թուրքիան ռազմականօրէն Հայաստանի թշնամին է

    իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է,
    հետեւաբար այդ ուղղակի ռազմական դաշինքի միւս անդամները Թուրքիոյ դաշնակիցներն են նաեւ Հայաստանի դէմ վերոյիշեալ պատերազմական բախումի կապակցութեամբ

    հետեւաբար, Եւրոպան Հայաստանին թշնամին է

    CQFD

    [ֆրանսական դպրոցի աւանդական վերջաբան,
    երբ որ թուաբանական խնդիր մը կը լուծէ աշակերտը
    = Ce Qu’il Fallait Démontrer ]

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930