«Հոմո սափիենսի մի տեսակ կա, որը, Գագիկ Ծառուկյանի անունը տալով, փորձում է իր անձի ոչնչությունը կարևորել»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Հայաստանի ձեռներեցների կոնֆեդերացիայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանի՝ Գագիկ Ծառուկյանի և Առինջ մոլի ղեկավարության հասցեին հնչեցված մեղադրանքներին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Մեր հարցին՝ հիշեցմանը՝ այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում Տիգրան Հովհաննիսյանը հայտարարեց, որ Առինջ մոլում կան հարյուրավոր տաղավարներ, որոնցից Գագիկ Ծառուկյանը գումարներ է գանձում, իսկ հարկային մարմինները դրանից տեղյակ չեն, որ Գագիկ Ծառուկյանը չի ցանկանում՝ հարկային մարմինները ներխուժեն Առինջ մոլ, որպեսզի այդ ամենը չբացահայտվի, տիկին Զոհրաբյանն արձագանքեց.
«Շպանայի այդ ներկայացուցիչը՝ Տիգրան Հովհաննիսյան անուն ազգանունով, հիշեցնեմ, որ տևական ժամանակ՝ ուղղակի 24-ժամյա հերթապահություն էր սահմանում Գագիկ Ծառուկյանի տան և աշխատասենյակի մոտ, որ արժանանա պարոն Ծառուկյանի ընդունելությանը: Մեկ անգամ նման պատվի արժանանալուց հետո, իր շնորհակալական ձոնից երկու մեջբերում անեմ Ծառուկյանի հասցեին, որ շատ շնորհակալ ենք Ծառուկյանին սրտացավ և մարդկային վերաբերմունքի համար: Մարդիկ կարոտ են նման շփումներին, Ծառուկյանը միակն է, որ մարդկանց ընդունում ու հոգսերը լսում է: Բոլորս գոհ ենք, և մեր շնորհակալությունն ենք հայտնում Ծառուկյանին, և այս գիշեր բոլորս հանգիստ կքնենք, քանի որ Ծառուկյանն ընդունեց և մեր խնդիրները լսեց: Բայց երևում է հոմո սափիենսի նշյալ տեսակի քունը ակնհայտորեն խանգարվել է»:
Տիկին Զոհրաբյանը վրդովվեց՝ նշելով, թե մարդկային ամեոբա տեսակ կա, որն ընդունակ է ցանկացած ֆորմա ընդունել՝ բավարարելով իր տերերի և իր պատվիրատուների շահերը, որոնք պարբերաբար փոխանցվում են: Նա մարդկային այդ տեսակը համեմատեց ջնջոցի հետ. «Մարդկային նման տեսակը՝ որպես մաշած, օգտագործված ջնջոց պարբերաբար փոխանցվում է ձեռքից ձեռք: Մենք որևէ մտադրություն չունենք նշյալ պերսոնաժի ցնորամտությունը մեկնաբանելու: Ես հականում եմ, որ ինքը ցանկանում է Ծառուկյանի անունը տալով՝ նորից եմ կրկնում, իրեն կարևորել, բայց այնքան փոքր մարդ է, որ արժանի չէ՝ մենք անգամ մտածենք իր խնդիրներն իրավական դաշտում քննարկելու մասին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ