Հայաստանում Ուկրաինայի առաջին դեսպան (1996-2001, 2005-2010), հայտնի հայագետ, գրող և թարգմանիչ Ալեքսանդր Բոժկոն ուկրաինական «Եվրոպեյսկայա պրավդա» պարբերականում ծավալուն հոդված է հրապարակել՝ «Եվրոպական շանս Հայաստանի համար. ինչո՞վ է պայմանավորված Կրեմլի զիջողականությունը» վերտառությամբ:
«Արևելյան գործընկերության» այս գագաթնաժողովի ուշագրավ իրադարձություններից մեկը դարձավ Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը:
Դրանում ազատ առևտրի գոտու մասին դրույթ չկա, ի տարբերություն լիարժեք ասոցացման նախորդ նախագծի, որը, ինչպես հիշում ենք, նախատեսվում էր ԵՄ-ի հետ ստորագրել 2013թ. Վիլնյուսի գագաթնաժողովում:
Այդ ժամանակ Մոսկվայի ճնշման տակ Հայաստանը ստորագրումից դեռ մեկ ամիս առաջ հայտարարեց, որ անդամակցում է Մաքսային միությանը: Ի պատասխան՝ ԵՄ ղեկավարությունը, մասնավորապես Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարեց, որ Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել երկու ինտեգրացիոն միավորումների:
Իսկ 2015թ. հունվարին Երևանը միացավ Եվրասիական տնտեսական միությանը, դրանով իսկ, թվում է, հանելով եվրաինտեգրման նկրտումների հարցը:
Դա է պատճառը, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև համաձայնագրի նախապատրաստման մասին տեղեկատվությունը շատ փորձագետներ ընդունում էին որոշակի անվստահությամբ և սկեպտիցիզմով:
Խոսքն անգամ Հայաստանի եվրոպական նկրտումների մասին չէ: Այստեղ ամեն ինչ պարզ է՝ հաշվի առնելով հայերի՝ եվրոպացիների հետ իրենց կապող խորը հոգևոր և մշակութային ավանդույթները: Ժամանակակից հայ հասարակության մեջ էլ լիարժեք համաձայնություն չկա եվրոպական քաղաքակրթությանը պատկանելու հարցում:
Բանն այն է, որ այսօրվա Հայաստանը քաղաքական և տնտեսական առումով կախված է Ռուսաստանից, որը չի դադարել ու չի դադարում խանդոտ կերպով հետևել «Արևելյան գործընկերության» շրջանակում ԵՄ-ի և հետխորհրդային երկրների համագործակցությանը՝ դա համարելով ոտնձգություն իր ռազմավարական շահերի նկատմամբ:
Եվ հազիվ թե մեկը վերջին ամիսներին կարող էր վստահությամբ ասել՝ արդյոք այս անգամ էլ Մոսկվան չի խզի Հարավային Կովկասում իր միակ դաշնակցի համար այդ կարևոր փաստաթղթի ստորագրումը:
Այսպես թե այնպես, երկրորդ փորձից Հայաստանին հաջողվեց նկատելի քայլ կատարել ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությամբ՝ դրանով իսկ որոշակիորեն դիվերսիֆիկացնելով իր արտաքին քաղաքական վեկտորը և արտաքին տնտեսական կապերը:
Անկասկած, այստեղ պետք է և տուրք մատուցել Հայաստանին, որը երկու տարի առաջ եվրաինտեգրման ստորագրման հնարավորության մասին ազդանշան ստանալով ԵՄ-ից, չնայած ԵԱՏՄ-ին անդամակցությանը, եռանդով սկսեց նախապատրաստվել դրան: Չնայած ռուսական կողմից բավականին զգալի քաղաքական ճնշմանը:
Այսպես, Հայաստանի հասցեին գլխավոր մեղադրանքները, որ իբր նա պատրաստվում է գնալ Ուկրաինայի ճանապարհով, հերոսացնում է ազգային գործիչ Գարեգին Նժդեհին՝ «հայ Բանդերային», հնչում էին, մասնավորապես, Բրյուսելի գագաթնաժողովի նախաշեմին՝ մոսկովյան «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում:
Արդյունքում համաձայնագրի ստորագրումը Երևանին զգալի հնարավորություններ է տալիս զարգացնել ԵՄ-ի հետ հարաբերությունները տարբեր ոլորտներում՝ քաղաքականությունից ու տնտեսությունից մինչև անվտանգություն: Հայաստանի համար դա չափազանց կարևոր է:
Այսպես, վիճակագրության համաձայն, հայկական արտահանման ընդհանուր ծավալի ավելի քան 26 տոկոսը բաժին է ընկնում ԵՄ երկրներին, և, իհարկե, համաձայնագիրը կարող է զգալիորեն ամրապնդել հայ արտադրողների դիրքերը:
Իսկ հաշվի առնելով, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային քաղաքականության արդյունքում զգալիորեն կրճատվել են հայկական տնտեսության մեջ ռուսական ներդրումները, Հայաստանը շահագրգռված է նաև եվրոպական ներդրումներ ներգրավելու հարցում:
Հետևաբար, Հայաստանի ղեկավարությունը կարծում է, որ համաձայնագրի ստորագրումը թույլ կտա մի կողմից հասանելիություն ստանալ արևմտյան ֆինանսատնտեսական ռեսուրսներին, մյուս կողմից՝ պահպանել ռուսական անվտանգության երաշխիքները՝ հաշվի առնելով հայ-ադրբեջանական շարունակվող դիմակայությունը և լարված հայ-թուրքական հարաբերությունները:
Իր հերթին՝ կոռուպցիայի և օլիգարխների կամայականություններից հոգնած հայ հասարակության մեծ մասը և տեղի քաղաքական ընդդիմությունը այդ համաձայնագրի հետ են կապում երկրում դրական փոփոխությունների հույսերը:
Մնում է այն հարցը, թե ինչու Մոսկվան չարգելափակեց համաձայնագրի ստորագրումը: Այստեղ գալիս է հետևյալ բացատրությունը. Մոսկվայի կարծիքով՝ դեռ 1990-ականներին անդամակցելով ՀԱՊԿ պաշտպանական կառույցին, իսկ երկու տարի առաջ՝ նաև ԵԱՏՄ-ին, Հայաստանը դրանով իսկ, ի տարբերություն «անհնազանդ» Ուկրաինայի, արդեն արել է իր աշխարհաքաղաքական ընտրությունը հօգուտ Ռուսաստանի:
Ավելին, Կրեմլի մեծահոգությամբ թույլատրված Հայաստանի և Եվրոպայի միջև «սիրախաղը» կարող է անգամ յուրօրինակ «կոնստրուկտիվ» լինել Մոսկվայի և Արևմուտքի միջև հարաբերություններում, քայլ՝ գոնե փոխադարձ համագործակցությունը կարգավորելու ճանապարհին՝ չնայած ՌԴ-ի դեմ կիրառվող կոշտ պատժամիջոցներին:
Պատահական չէ, որ այդ հարցում ուղղափառ հրեա քաղաքագետները չեն բացառում, որ Հայաստանի հնարավոր «եվրոպամետացումը» կարող է որոշակիորեն կամուրջ հանդիսանալ Արևելքի և Արևմուտքի միջև:
Շնորհավորելով հայ ժողովրդին այս իրապես կարևոր իրադարձության առիթով՝ կցանկանայի հույս հայտնել, որ հայ հասարակությունը և իշխանությունները ամենայն լրջությամբ կմոտենան այն հնարավորություններին, որոնք երկրի առաջ բացում է ԵՄ-ի հետ համաձայնագիրը: Այդ դեպքում անգամ այսպիսի «կրճատված» տարբերակով համաձայնագիրը հնարավորություն կտա լուծելու երկրի առաջ ծառացած մի շարք խնդիրներ, ինչպես նաև խորացնել եվրոպամետ վեկտորը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ