Լրահոս
Օրվա լրահոսը

«Լոռիի երեխաների արյան մեջ ծանր մետաղներ են հայտնաբերել». (Տեսանյութ)

Նոյեմբեր 27,2017 20:50

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» փորձագետներն ուսումնասիրել են Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի իրավական դաշտն ու այսօր «Ընդերքօգտագործման իրավունքի տրման գործընթացում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» զեկույցը ներկայացրեցին:

Փորձագետ Արթուր Գրիգորյանը ներկայացնելով ուսումնասիրության տվյալներն, ասաց, որ ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացում առկա են մի շարք էական բացեր, որոնց պատճառով կարող են առաջանալ կոռուպցիոն ռիսկեր:

Ըստ Գրիգորյանի՝ ընդերքաբանական փորձաքննության ընթացակարգը հստակ չէ, բացակայում են երկրաբանական ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված օգտակար հանածոների պաշարների հաստատման նպատակով իրականացվող ընդերքաբանական փորձաքննության հանրայնորեն հասանելի ընթացակարգեր կամ չափանիշներ. «Այս գործընթացը, որը ներառում է նաեւ օգտակար հանածոների արդյունաբերական նշանակության հաստատումը՝ հաշվի առնելով պաշարների շուկայական արժեքը, առաջարկվող տեխնոլոգիայով դրանց վերամշակման ծախսերը, ինչպես նաեւ հանքարդյունաբերական նախագծի սոցիալական ազդեցությունները, ոչ թափանցիկ է եւ տեղիք է տալիս կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ տարբեր կասկածների»:

Ըստ զեկույցի, չկան պատշաճ կարգեր գնահատելու հանքարդյունաբերության՝ էկոհամակերգերի ու մարդու առողջության վրա ազդեցության կամ սոցիալական հետեւանքները, ինչպես նաեւ առկա չեն հստակ չափանիշներ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունների ստուգման ու դրանց ճշգրտությունը գնահատելու համար:

Ուսումնասիրության հեղինակների ներկայացմամբ՝ հանքարդյունաբերության բիզնեսում ներգրավվում են բարձրաստիճան պաշտոնյաններ. «Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ընդգրկված բոլոր ընկերությունները կամ նրանց հետ փոխկապակցված ձեռնարկությունները գրանցված են օֆշորային գոտիներում, ինչը բարդացնում է ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտումը: Բայց կան բազմաթիվ փաստեր, որ դրանց իրական սեփականատերերը բարձրաստիճան պաշտոնյաներ են, որոնք ունեն լճակներ ոլորտի քաղաքականության ազդելու վրա»:

Ոլորտի մյուս խնդիրներից են, ըստ ուսումնասիրության, ընդերքօգտագործման վերաբերյալ տեղեկատվությունն անբավարար է. ընդերքօգտագործողի ստացած երկրաբանական տեղեկությունը չի կարող բացահայտվել առանց ընդերքօգտագործողի համաձայնության:

Արթուր Գրիգորյանի խոսքերով՝ ոլորտում կա մի տարածված եւ կրկնվող խնդիր՝ ընդերքօգտագործման թույլտվությունը ընթացքում փոփոխվում է. «Թույլտվության առանձին պայմաններ փոփոխվում են, սակայն այս մասին հանրությանը չեն տեղեկացնում: Սյունիքի մարզում հանքի վերաբերյալ հարցում էի արել, հասկանալու՝ որտեղ է գտնվում հանքը, արդյոք հատուկ պահպանվող տարածքում է: Որոշ ժամանակ հետո եւս մեկ հարցում եմ արել, ու պարզել՝ հանքի տարածքը շուրջ 2 անգամ ավելին են, քան նախապես տրամադրված թույլտվությամբ տվյալ տարածքի չափերը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կառավարության ներկայացուցիչ Կարապետ Վարդանյանն էլ արձագանքելով այս խնդրին, նշեց, որ թույլատվությունից հետո հնարավոր է ծայրակետային կոորդինատների փոփոխությունը չի ենթադրում, նոր փորձաքննություն. «Ծայրակետային փոփոխությունը կարող է ենթակառուցվածքների հետ կապված լինել, այս փոփոխությունը պետք է 10-ից ավել չլինի, բայց եթե 100% է, ապա կոռուպցիոն ռիսկ կա»:

Մանրամասները՝ տեսանյութում

Քննարկմանը ներկա Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ներկայացուցիչն էլ անդրադառնալով ընդերքի պաշարների մասին բարձրացրած խնդրին, նշեց, որ այն չի բացահայտվում, քանի որ հեղինակային իրավունքի նման է, տվյալ մասնավոր ընկերությունը ուսումնասիրություն է կատարել իր միջոցներով, եւ կարող է գաղտնիությունը պահել:

Մանրամասները՝ տեսանյութում

Ուսումնասիրության հեղինակները ոլորտի խնդիրներից մեկն էլ առանձնացնելով, նշեցին, որ ընդերքօգտագործման թույլտվություն տալու գործընթացում պատշաճ չի գնահատվում շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, այդ թվում՝ հանրային առողջության վրա ազդեցությունը: ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը նկատեց՝ «Առողջապահության նախարարությունը միշտ լղոզված եզրակացություն է տալիս, որովհետեւ նա պատասխանատվություն չի կրում: Պետությունն ամբողջը դնելով բնապահպանության նախարարության, վրա, ինքը պատասխանատվություն չի ստանձնում»:

Քննարկման ժամանակ պետական գերատեսչության ներկայացուցիչն ասաց, որ առողջապահության նախարարությունը երբեք բացասական կարծիք կամ եզրակացություն որեւէ հանքի շահագործման թույլտվություն ստանալու համար չի տվել:

Բնապահպան Կարինե Դանիելյանն էլ ասաց, որ վերջին 1 տարում մեծ խումբ փորձագետների հետ ուսումնասիրություն են արել՝ պարզելու բնակչության առողջության համար ամենառիսկային գոտիները. «Ընթացքում, անկախ մեզանից, դուրս եկանք հանքարդյունաբերության վրա: Այս իմաստով ամենավատ վիճակում Լոռին ու Սյունիքն են»:

Մանրամասները՝ տեսանյութում

«Հայաստանն անընդհատ առաջին տեղերում է քաղցկեղից մահացության դեպքերով, ամբողջ աշխարհում: Վերջին տվյալներով՝ Զիմբաբվեյից հետո 2-րդը մենք ենք: Եվ համակարգն այնպես չի գործում, որ ապահովի բնակչության առողջությունը: Լոռիում Ամերիկյան համալսարանն ուսումնասիրություն է արել երեխաների արյունը, եւ հայտնաբերել ծանր մետաղներ: Առողջապահության նախարարության ներկայացուցիչն ասաց՝ դե հիմա ինչ կա որ, ով ասաց, որ դրանից են հիվանդանում»,-ասաց Դանիելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930