Լրահոս
Օրվա լրահոսը

40 տարի առաջ Բարեկամավանի դպրոցի մի դասարանում կրկնակի ավել աշակերտ կար, քանի հիմա`ողջ դպրոցում

Նոյեմբեր 27,2017 20:20

Տավուշի մարզի Բարեկամավանի միջնակարգ դպրոցի աշակերտները թիվը 19-ն է: Դպրոցի երկարամյա տնօրեն Աստղիկ Ազատյանը հայտնեց, որ այս ուսումնական տարում դպրոցը չունի 1-ին, 2-րդ եւ 5-րդ դասարաններ, 4-րդ, 8-րդ եւ 10-րդ դասարաններն ունեն մեկական աշակերտ, դպրոցի բոլոր դասարանները երկկոմպլեկտ են:

Նա ասաց, որ նոյեմբերի 12-ի երեկոյան ադրբեջանական գնդակոծության ժամանակ գնդակը դպրոցի պատուհաններից մեկը ծակել-անցել է, դպրոցի մեկ այլ պատուհան ադրբեջանական գնդակոծությունից ավելի վաղ է վնասվել:

Չնայած դպրոցի պատուհանները ձեւափոխվել էին, նեղացվել, սակայն դա էլ չի փրկում ադրբեջանական գնդակոծությունից: Դպրոցի տնօրենն ասաց, որ նոյեմբերի 12-ի գնդակոծությունից վնասվել են նաեւ դպրոցի տանիքի ծածկի ազբոշիֆերները, երբ անձրեւ կամ ձյուն տեղա, տանիքի վնասները ի հայտ կգան: Այս տարվա սեպտեմբերից Բարեկամավանի դպրոցը սնուցող խմելու ջրի պոմպը շարքից դուրս է եկել, կրթօջախը մնացել է առանց ջրի:

Ա. Ազատյանի վկայությամբ`իրենք 4 տոննա տարողությամբ ջրի ցիստեռն ունեն, անձրեւաջրերը հավաքում, դպրոցում օգտագործում են: Նա ասաց, որ դպրոցը սնուցող ջրամղիչ պոմպն ուղարկվել է նորոգվելու: Մինչեւ ջրամղիչ պոմպի խափանումը դպրոցը ջուր էր ստանում շաբաթը մեկ անգամ`ուրբաթ օրերին: Բարեկամավանի դպրոցի շենքում սանիտարական հանգույցներ չեն գործում, քանի որ ջուր չկա եւ կոյուղու համակարգ: Դպրոցի զուգարանը շենքից դուրս է, ոչ հեռու, կառուցված պաշտպանիչ պատի եւ դպրոցի շենքի արանքում:

Բարեկամավանի ութամյա դպրոցն ապահովված է տեղացի ուսուցիչներով, սակայն ռուսերեն եւ անգլերեն լեզուների ուսուցչուհիները հարեւան Կոթի գյուղից են գալիս,8 կմ հեռավորությունից: Ա. Ազատյանը հայտնեց, որ 1972-1980թթ. Բարեկամավանի ութամյա դպրոցը 300-330 աշակերտ ուներ, եթե դրան գումարենք 9-10-րդ դասարանցիներին, ովքեր Կոթի գյուղի միջնակարգ դպրոց էին հաճախում, աշակերտների թիվը մոտենում էր 400-ին: Ա. Ազատյանի խոսքերով`երբ ինքը սովորում էր Բարեկամավանի ութամյա դպրոցում, իր դասարանում 36 աշակերտ կար, դպրոցում կային նույն տարիքի աշակերտների Ա եւ Բ դասարաններ:

Նա սահմանամերձ գյուղի դատարկվելը ոչ այնքան ադրբեջանական գնդակոծություններով է պայմանավորում, որքան մարդկանց աշխատանք չունենալով: Բարեկամավանի հողերը սահմանամերձ են, ադրբեջանական գնդակոծության տակ, չեն մշակվում, մարդիկ գոյատեւելու հնարավորություն չունենալով ՝ արտագաղթել են:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930