Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում 1700-1800 երեխա մանկապարտեզ չի հաճախում․ վարձը 7000-8000 դրամ է․ ԳԱԼԱ-ի ահազանգը. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Նոյեմբեր 27,2017 19:55

Այսօր տեղի ունեցավ Գյումրու ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական գործող հանձնաժողովի նիստը, որի ժամանակ բուռն քննարկում ծավալվեց ԳԱԼԱ խմբակցության ներկայացրած մի առաջարկի շուրջ։ ԳԱԼԱ խմբակցության ավագանու անդամ Քրիստինե Մկրտչյանը, նշելով, որ Հայաստանի Հանրապետությունում անհավասար պայմաններ են ստեղծված մանկապարտեզ հաճախող երեխաների համար․Երևանում մանկապարտեզներն անվճար են, իսկ կոնկրետ Գյումրիում ամսական 7000-8000 դրամ, 1700-1800 երեխա մանկապարտեզ չեն հաճախում, հանձնաժողովի անդամներին առաջարկեց ավագանու նիստի օրակարգ մտցնել կառավարությունից սուբիսիդավորում խնդրելու հարցը։

«Կուզենայի մի շատ կարևոր հարցի մասին բոլորս խորհենք, խոսքը Գյումրու նախակրթարաններ հաճախող երեխաների մասին է, ինչպես գիտենք Հայաստանի Հանրապետությունում ստեղծված է մի իրավիճակ, երբ նախակրթարանային տարիքի երեխաների համար մանկապարտեզներում ուսում ստանալը և դաստիարակվելը ոչ հավասար պայմաններում են։ Օրինակ՝ մայրաքաղաքում երեխաները նախակրթարան հնարավորություն ունեն անվճար հաճախել, իսկ Գյումրիում և մյուս բոլոր համայնքներում՝ ոչ։ Այս պարագայում արժե մտորել Գյումրիի մասին, որովհետև հատկապես մեր քաղաքում և մեր մարզում աղքատությունը բարձր մակարդակի վրա է, Գյումրիում 46 տոկոս է այս պահի դրությամբ աղքատության մակարդակը, արժե խորհել այս մասին, այնպես անել, որ Գյումրիում ևս երեխաներն ունենան հավասար իրավունքներ։ Նախակրթարան հաճախելը ծնողի վրա 7000-8000 դրամ է նստում միջին հաշվարկով։ Սա անհավասար դաշտ է ստեղծում երեխաների համար, անհավասար այն առումով, որ մայրաքաղաքում բոլորն ունեն այդ հնարավորությունը նախակրթարանում ուսում ստանալու, իսկ Գյումրիում բոլորը չէ, որ այդ հնարավորություն ունեն»,- ասաց Քրիստինե Մկրտչյանը։ Նա առաջարկեց ուղերձով դիմել կառավարությանը ու գումար խնդրել։

«Մեր հաշվարկներով՝ մոտավորապես 1 միլիարդ, մի քիչ էլ ավել երևի՝ 200 միլիոն դրամ գումար է պահանջվում, որպեսզի անվճար դառնան նախակրթարանները երեխաների համար, Գյումրու քաղաքապետարանն ամեն տարի այդ գումարի կեսը, կեսից ավելին հատկացնում է, 550 միլիոն Գյումրու քաղաքապետարանն հատկացնում է նախակրթարանային տարիքի երեխաների համար, 500 միլիոնի գումար է պակասում»,-ասաց Քրիստինե Մկրտչյանը։

Ավագանու «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Համիկ Պողոսյանը հիշեցրեց տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանի մանկապարտեզների թիվը կրճատելու մասին հայտարարությունը՝ նշելով, որ առաջարկությունը ժամանակին չէ։ Հնչեցին նաև մտահոգություններ, որ սա կարող է պատճառ դառնալ որոշ համայնքապատկան մանկապարտեզներից երեխաների արտահոսքի, մանկապարտեզների միավորման, սա էլ կհանգեցնի աշխատատեղերի կրճատմանը, կբացվեն մասնավոր մանկապարտեզներ, որոնց սեփականատերերը չգիտես աշխատանքի կընդունե՞ն մյուս մանկապարտեզներից դուրս մնացած աշխատողներին։

Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահ Լուսինե Սանոյանն առաջարկեց նախ ուսումնասիրել, թե արդյո՞ք 1700-1800 մանկապարտեզ երեխաներ չեն հաճախում սոցիալական պայմանների պատճառով։ Նա ասաց, որ գումար պահանջելիս՝ հարկավոր է հստակ վերլուծություն, ստույգ հաշվարկ անել։

Քաղաքապետարանի կրթության բաժնի պետ Հայկ Սուլթանյանն էլ նշեց, որ ինչքան դիմում եղել է, փորձել են երեխաներին տեղավորել ու ի տարբերություն մայրաքաղաքի՝ Գյումրու քաղաքապետարանում տարիներով չեն հերթագրվում, մուտքն էլ ազատ է, նույնիսկ կան մանկապարտեզներ, որոնք թերբեռնված են։ Ըստ նրա, տարբեր հանգամանքներով է պայմանավորված 1700-1800 երեխաների մանկապարտեզ չհաճախելը, պատճառը միայն սոցիալական չէ։

Ընդհանուր հայտարարի չգալով՝ որոշվեց այս հարցը քննարկել նաև ԱԺ պատգամավորների ներկայությամբ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930