«Երեւանի քաղաքապետարանի Ավագանու նիստում կայացված որոշմամբ, ՀՀԿ խմբակցությունը առաջարկեց Լեոնիդ Ազգալդյանի անունով կոչել՝ Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի տարածքից մինչեւ Լեռ Կամսար փողոցն ընկած ճանապարհահատվածը, որը հանդիսանում է չորրորդական կարեւորության փողոց, իսկ մենք կտրականապես մերժում ենք Ազգալդյանի անվամբ նույնիսկ երկրորդական փողոց անվանակոչելը: Սա համարում ենք «պտիչկա» դնելու գործողություն եւ հասարակական խաբեություն»,-այսօր «Նոյյան Տապան» մամուլի սրահում ասաց «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 22 -ին լրացավ հայ ֆիզիկոս, ռազմական գործիչ, արցախյան պատերազմի հերոս Լեոնիդ Ազգալդյանի 75-ամյակը, եւ նրա հիշատակին քաղաքի կենտրոնում խաղաղ երթ կազմակերպվեց, որի նպատակն էր ազգային հերոսի անունով փողոց անվանակոչել:
Լրագրողների հարցին, թե ի՞նչ քայլերի կդիմեն, եթե շարունակվեն անտեսվել իրենց պահանջները, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Սա այն հարցը չէ որի համար պետք է ժողովրդին հանենք փողոց, բայց մենք կփորձենք հետեւողական լինելով, անընդհատ հարցը պահել օրակարգում, մինչեւ այն պահը, երբ Ազգալդյանի անունով կոչվի քաղաքի գլխավոր փողոցներից մեկը»:
Ասուլիսի մեկ այլ մասնակից `«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության անդամ Լեւոն Զաքարյանը հավելեց. «Ինչքան էլ, որ արդեն կառավարությունից ամեն ինչ սպասելի է դարձել, բայց իրենց այս քայլը դեռ այն քիչ անսպասելիներից էր, որ կարող էին մեզ առաջարկել Ազգալդյանի անունով կոչել քաղաքի չորրորդ նշանակության փողոց, որը ավելի շատ արահետ է քան փողոց, ինչեւէ մենք կանենք ամեն հնարավորը, որ մեր առաջարկը մնա օրակարգում այնքան ժամանակ մինչեւ արժանի լուծում ստանա»:
Անահիտ ՄԱՐԿՈՍՅԱՆ