Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունում քննարկվել է դատարանների բեռնաթափմանը միտված օրենսդրական փաթեթը

Նոյեմբեր 27,2017 18:44

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են դատարանների բեռնաթափման, դատական գործերի բաշխման, որոշ գործերի պարզեցված վարույթի քննության և նիստերի հետաձգման խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներն ու քայլերը:

Զեկուցվել է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը, ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի,  մշակել է Դատական օրենսգրքում, Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխությունների օրենսդրական փաթեթ: Դրանով, մասնավորապես, առաջարկվում է նվազեցնել դատարանների նախագահներին մակագրվող գործերի քանակի սահմանաչափը` դարձնելով մինչև տասը տոկոս, բացառությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի: Նշվել է, որ դրանով կլուծվեն գործերի բաշխման, դատավորների միջև ծանրաբեռնվածության անհամաչափության խնդիրները: Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է դատական նիստերի հետաձգման մասով օրենսգրքում հստակ ձևակերպել, որ նման որոշումները պետք է լինեն բացառապես պատճառաբանված, մինչև երկու միլիոն դրամ գումարի բռնագանձման հայցապահանջներով նախատեսվել է գործերի քննության պարզեցված ընթացակարգ:

Միաժամանակ, որպես արտադատական միջոց առաջարկվել է էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով էլեկտրոնային կապ ստեղծել նոտարների, բանկային և վարկային կազմակերպությունների միջև` նոտարին տրամադրելով էլեկտրոնային կնիք, էլեկտրոնային թվային ստորագրություն:

Օրենսդրական փաթեթով սահմանվել է, որ Երևան քաղաքում գործելու է մեկ ընդհանուր իրավասության դատարան իր նստավայրերով: Զեկուցվել է, որ դրանով ավելանալու է փաստացի գործեր քննող դատավորների թվաքանակը, բարձրացվելու է դատարանների կառավարման արդյունավետությունը,  իրականացվելու է բյուջետային միջոցների օպտիմալացում։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև Վարչական վերաքննիչ դատարանի դատավորների քանակի ավելացման, ինչպես նաև վարչական գործերի վերադասության կարգով բողոքարկման արդյունավետության բարձրացման հարցերը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել և ողջունել է ներկայացված օրենսդրական փաթեթը և հանձնարարել որոշ տեխնիկական խնդիրների կարգավորումից հետո այն ներկայացնել կառավարության աշխատակազմ:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930