Հոկտեմբերի 25-ին Կաունասի «Գիրստուտիս» մշակութային կենտրոնում «Հայրենիք» համույթի 10-ամյա հոբելյանի առիթով տեղի ունեցավ համերգ, որի ընթացքում ներկայացվեց ազգագրական կատարումների ընտրանի։ Միջոցառմանը մասնակցում էին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ։
Շնորհավորելով «Հայրենիք» համույթին հոբելյանի առթիվ՝ դեսպան Մկրտչյանն իր ելույթում նշեց, որ համույթն իր գործունեությամբ իրականացրել է և շարունակում է իրականցրել երեք հիմնական գործառույթ։ «Նախ, այն փայլուն կերպով բարեկամ լիտվացի ժողովրդին է ներկայացրել հայկական մշակույթի կարևորագույն տարրերից մեկը՝ ազգագրական երգարվեստը։ Երկրորդ, երաժշտական ավանդույթների ներկայացման միջոցով այն նպաստել է հայկական ինքնության պահպանմանը Լիտվայում։ Եվ երրորդ, ներգրավելով լիտվացի կատարողների և նախընտրելով հիմնականում լիտվական լսարանը՝ «Հայրենիքը» նպաստել է նաև հայ-լիտվական բարեկամական հարաբերությունների էլ ավելի խորացմանն ու բարելավմանը։ Իր արդեն կայացած և հարուստ փորձով «Հայրենիքը» վառ օրինակ է ծառայում Բալթյան երկրների և այլ վայրերում հայկական սփյուռքի կառույցների համար»։
Դեսպան Մկրտչյանը «Հայրենիք» համույթին փոխանցեց ՀՀ Սփյուռքի նախարարության պատվոգիրը՝ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստելու, սփյուռքում հայկական մշակույթը տարածելու, ինչպես նաև 10-ամյա հոբելյանի առթիվ։ Դեսպանը համույթին փոխանցեց նաև ՀՀ Սփյուռքի նախարարության երախտագիտության մեդալը: Լիտվայի Հանրապետության մշակույթի խորհրդի անդամ ընտրվելու կապակցությամբ, ինչպես նաև հայ-լիտվական մշակութային կապերի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար համույթի ղեկավարներից Էմմա Բոյաջյանին փոխանցվեց Մշակույթի նախարարության շնորհակալագիրը։
Տեղեկանք․«Հայրենիք» երգի-պարի համույթը հիմնադրվել է 2007թ. Լիտվայի Կաունաս քաղաքում։ Հիմնադրումից ի վեր՝ համույթը հանդես է եկել բազմաթիվ համերգներով, մասնակցել է ազգային, ֆոլկլյորային մի շարք միջոցառումների և փառատոնների Լիտվայի և Լատվիայի մի շարք քաղաքներում՝ Վիլնյուսում, Կաունասում, Կլայպեդայում, Ռիգայում և այլն: Համույթում հանդես են գալիս ինչպես հայազգի, այնպես էլ լիտվացի կատարողներ։
ՀՀ ԱԳՆ