ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) գործադիր քարտուղար Ջիանլուկա Էսպոսիտոյին:
Նախարար Հարությունյանը բարձր է գնահատել միջազգային հեղինակավոր կազմակերպության՝ GRECO-ի հետ համագործակցությունն ու կարևորել կառույցի դերը՝ Հայաստանի հակակոռուպցիոն ոլորտում լրջագույն բարեփոխումներ իրականացնելու հարցում:
GRECO-ի գործադիր քարտուղարը շնորհակալություն է հայտնել ՀՀ արդարադատության նախարարին արդյունավետ փոխգործակցության համար և ընդգծել, որ Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարի հարցում ճիշտ ուղղությամբ է ընթանում:
Հանդիպման ընթացքում նախարար Հարությունյանը գործընկերոջն է ներկայացրել հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի իրականացրած քայլերը, ՀՀ դատական նոր օրենսգրքի նախագծի մի շարք կարգավորումները, իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի www.e-draft.am-ի հնարավորությունները, որի շնորհիվ ապահովվում է պետական մարմինների կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման պահանջը: Այս առումով նախարարն արձանագրել է, որ կայքն օրեցօր գրանցում է այցելությունների թվի աննախադեպ աճ, ըստ այդմ՝ ապահովելով հասարակության լայն շրջանակների մասնակցությունը նախագծերի մշակման գործընթացին:
Հանդիպման ավարտին կողմերը մտքեր են փոխանակել GRECO-ի 4-րդ փուլի զեկույցով Հայաստանի Հանրապետությանը տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն