«Փաստարկներ հնչեցին, թե ԵԱՏՄ-ն է մեղավո՞ր, որ ամեն ինչ վատ է Հայաստանում, մենք ունենք պրոբլեմներ, պետք է մեր պրոբլեմները լուծենք: Այո՛, ԵԱՏՄ-ն մեղավոր չի, որ դուք 10 հազար դրամ եք բաժանում գյուղերում, քաղաքներում, տնետուն, 10 հազար դրամ եք բաժանում, գալիս եք այստեղ նստում, ԵԱՏՄ-ն ի՞նչ մեղավոր է ընդհանրապես»,- այսօր «Ելքի» հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ իշխանական թեւից հնչած փաստարկներն ամփոփելով՝ ասաց Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում «Ելքի» նախաձեռնությամբ լսումներ են կազմակերպվել՝ ՀՀ-ի՝ ԵԱՏՄ անդամակցությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ ԱԺ որոշման մասին:
Նա ասաց, որ, իհարկե, ԵԱՏՄ-ն մեղավոր չի, որ ՀՀ-ում կան մենաշնորհներ, մինչեւ ԵԱՏՄ անդամակցությունն էլ կար, այնքան բան կա, որ ԵԱՏՄ-ն մեղավոր չի. «Այնքան լուսավոր, պրոգրեսիվ էր ներկայացվում Հայաստանում իրավիճակը եւ փորձագետների, եւ պատգամավորների կողմից, որ նստած մտածում էի՝ բա եթե ամեն ինչ այսքան լավ է, բա ինչի՞ է այսքան վատ, ինչի՞ են մարդիկ ավտոբուսով, ինքնաթիռով, ոտքով արտագաղթում Հայաստանից: Այն ի՞նչ ցուցանիշներ էին ներկայացնում, որ թռած գնում ենք, Հայաստանը կատաղած զարգանում է: ԵԱՏՄ-ից ինչ օրինակ բերեցինք, ասում են՝ աաա, այդ ի՞նչ երկրներից օրինակ բերեցիք, իրենք արդեն ոչնչացվել են, չկան ուղղակի: Դրամի արժեզրկումն են ասում, մոռացե՞լ եք 2014-ի: Ասում է՝ ազգային արժույթը բոլորինը արժեզրկվեց, մերը չէ: Հո սուտ տեղեկություններ ներկայացնելո՞վ չի»:
Ինչ վերաբերում է ԵՄ համաձայնագրին, Մարուքյանն ասաց, որ երկիրն այն վիճակի են հասցրել, որ բոլորը կասկածում էին, որ նախաստորագրված փաստաթուղթը կստորագրվի, հետո էլ եկել ասում են՝ բա տեսա՞ք ինչ արեցինք. «Ո՞վ է հասցրել երկիրն այդ վիճակին՝ դո՛ւք, ձեր իշխանությունն է դարձրել այդպիսին, մարդիկ ասում են՝ էլի երեւի կճնշեն, կհրաժարվեն»:
Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ամենահակառուսական ելույթները ԱԺ-ում ունենում են ՀՀԿ-ականները: ՀՀ-ի ամենահակառուսական կուսակցությունը ՀՀԿ-ն է, մեր դարավոր բարեկամ երկրին ներկայացնում են՝ որպես բոբո. «Մենք բա՞ն ենք ասել, դուք եք: Ես զարմանում եմ, որ ձեզ չեն քննադատում, մի հատ «Զվեզդայի» հաղորդումն էր: Հակառուսական տրամադրություններ եք ստեղծում ՀՀ-ում, ձեր վարած քաղաքականության արդյունքում հակառուսական տրամադրությունների աճ է գրանցվել: Դա «Ելք» ֆրակցիան չի արել»:
Բաբուխանյանը ասել էր, որ հենց մենք դուրս գանք ԵԱՏՄ-ից, Ադրբեջանը կմտնի, երազում է: Ըստ Մարուքյանի, ՀՀ-ի զարգացման տեսլականը չպետք է դիտարկել թշնամի երկրի գործողություններով: Բացի այդ, վերջին տարիներին մենք մսխել ենք մեր հնարավորությունը՝ զարգանալու, ռազմաքաղաքական բալանսը հօգուտ մեզ դարձնելու ու դրա մեղավորը իշխանություններն են, որ անգամ մի գյուղապետի փոփոխություն չեն հանդուրժում. «Բոլոր վերլուծությունները քաղաքական նյուխ ունեցող մարդկանց, խոսում է այն մասին, որ Ադրբեջանի աչքերը չի ուռել ԵԱՏՄ-ի համար, իրեն չի սահմանափակում ԵԱՏՄ համաձայնագրով, իր համար ազատ առեւտուրն անում է: Ովքեր ասում են՝ նավթի գինը ընկել է, բան, ման, մի բան կասեմ՝ դուք ձեր դարդը լացեք»:
Նաիրա Զոհրաբյանն էլ իր ելույթում նշել էր, որ դուռը շրխկացնելն ամենահեշտ ճանապարհն է, բայց դա խնդիրները չի լուծի: Մարուքյանի խոսքով՝ դուռը շրխկացնելու խնդիր չկա, մենք դուռը չենք շրխկացնում, ուզում են դուռը ոնց որ բաց կար՝ այդպես բաց էլ մնա եւ մենք մեզ չսահմանափակենք:
Աշոտյանը «Ելքի» փաստարկին, որ ԵՏՄ անդամ ենք ու ՌԴ-ից հայերին դեպորտ են անում, ասել էր, որ ԵՄ-ից էլ են անելու: Մարուքյանն արձագանքեց. «Ինչի մենք ԵՄ անդա՞մ ենք, որ նեղանանք ԵՄ-ից, որ մեզ դեպորտ են անում: Սա էլ Իսրայելի ու ՌԴ-ի զենք վաճառելու պատմությունն է: Ասում ենք՝ ՌԴ-ն զենք է վաճառում, ասում են՝ բա ինչի՞ չեք ասում Իսրայելն էլ է վաճառում, ասում ենք, բայց Իսրայելը մեր ռազմավարական գործընկերը չի, այ քեզ բա՜ն»:
Իսկ ընդհանուր առմամբ, լսումների որոշ ելույթներ Մարուքյանին հիշեցրել էին Ֆրունզիկի խոսքերը՝ «վա՜խ, մամա ջան, էս ո՞ւր ենք ընկել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ