Նոյեմբերի 23-ին ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որով փորձ է արվում հարցականի տակ դնել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, Երեւանի մամուլի ակումբի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի նոյեմբերի 20-ի հայտարարությունը՝ Կառավարության հավանությանն արժանացած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ։ Ընդ որում՝ նախարարությունը, գործածելով երկխոսության պատրաստակամությանը ոչ հարիր «անհիմն մեղադրանքներ եւ ապատեղեկատվություն» բառակապակցությունը, հայտնում է, թե նշված օրինագիծը դրվել է հանրային քննարկման՝ e-draft.am կայքում, եւ մեզանից որեւէ առաջարկ չի ստացվել։
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, ստիպված ենք հիշեցնել, որ իրական ժողովրդավարությունը ենթադրում է որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական ներգրավվածություն շատ ավելի վաղ՝ իրավիճակի ուսումնասիրման, խնդիրների նույնականացման, հայեցակարգի մշակման, նախագծի վրա աշխատելու փուլերում, և ոչ թե օրինագծերի՝ պաշտոնական աղբյուրներում հրապարակումից հետո միայն: Հատկապես երբ խոսքը վերաբերում է հեռարձակման ոլորտին, որի օրենսդրական կարգավորման՝ դեռ 20 տարի առաջ մեկնարկած փորձերից մինչ այսօր քաղաքացիական հասարակության կառույցները մշտապես գործընթացի ակտիվ մասնակիցներն են եղել։ Սակայն նախարարությունը գերադասել է այդ հանգամանքը արհամարհել։
Օրենքի նախագիծն e-draft.am-ում տեղադրելը հանրային քննարկում անցկացնելու՝ օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Ավելին՝ միայն դրանով սահմանափակվելը հանրային մասնակցությանը զուտ ձեւական, իմիտացիոն բնույթ է հաղորդում։ Երբ նույն Արդարադատության նախարարությունը քաղաքացիական հասարակությանը ներգրավելու լուրջ նպատակ է ունենում, հատուկ քննարկում է կազմակերպում, բոլոր հնարավոր խողովակներով հրավերներ է ուղարկում, հանդիպման նախօրեին էլ հեռախոսազանգով հստակեցնում է՝ մասնակցությունը հաստատվո՞ւմ է, թե ոչ։ Օրինակ, այդպես վերջերս կազմակերպվեց Ազդարարի ինստիտուտին վերաբերող Կառավարության որոշումների նախագծերի քննարկումը։ Եվ եթե ենթաօրենսդրական ակտերին կարելի էր այդքան ուշադրություն դարձնել, ապա ինչո՞ւ նույն մոտեցումը չի կիրառվել կարեւոր օրենքի նախագծի դեպքում։
Ի դեպ, e-draft.am-ում տեղադրված փաստաթուղթը նախատեսվել էր քննարկել երկու շաբաթվա ընթացքում՝ մարտի 23-ից ապրիլի 7-ը։ Հիշեցնենք, որ դա ընտրությունների թեժ շրջան էր, եւ հասկանալի պատճառներով կարեւորագույն քաղաքական իրադարձությամբ զբաղված լրագրողներն ու հասարակական կազմակերպությունները կարող էին այդ օրինագիծը չնկատել: Դրա քննարկման ձեւական կողմը ապահովելու եւ կարծիքներ հավաքելու նպատակով փաստաթղթի հեղինակներն այն ուղարկել են նույնիսկ հեռարձակման ոլորտի հետ անմիջական կապ չունեցող նախարարություններին ու գերատեսչություններին, բայց մասնագիտացված հասարակական կառույցները անտեսվել են, թեեւ ապրիլից մինչեւ նոյեմբեր դա անելու համար բավական ժամանակ կար:
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ այն փաստը, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծը ոլորտում կուտակված բազում խնդիրների
լուծումներ չի նախատեսում, վերահաստատում ենք մեր նախորդ հայտարարությունում արտահայտված պահանջները.
-ՀՀ Ազգային ժողովից՝ վերադարձնել օրինագիծը կառավարություն, պահանջելով վերանայել այն՝ հաշվի առնելով հանրության, մասնագիտացված հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ միջազգային փորձագետների առաջարկություններն ու մոտեցումները,
-ՀՀ կառավարությունից՝ ստեղծել պետական կառույցների մասնագետներից ու անկախ փորձագետներից բաղկացած աշխատանքային խումբ՝ ժամանակակից պահանջներին համապատասխանող օրինագիծ մշակելու նպատակով։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ