Լոռու մարզում է գտնվում Ախթալայի վանական համալիրը: Վանքի տարածքը շրջապատված է աշտարակներով ու պարիսպներով: Ենթադրվում է, որ Ախթալայի ամրոցը 10-րդ դարում հիմնել են Բագրատունի-Կյուրիկյանները: Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցին եղել է հյուսիսային Հայաստանի ամենախոշոր քաղկեդոնիկ վանքը: Այն 12-13-րդ դարերում կարեւոր ու նշանակալի դեր է ունեցել հոգեւոր, կրթական ու մշակութային կյանքի համար: Ավանդազրույցի համաձայն, եկեղեցին կառուցվել է Իվանե Զաքարյանի կողմից: Սուրբ Աստվածածնի պատերը նկարազարդված են գեղեցիկ որմնանկարներով: Դրանք կատարվել են 13-րդ դարում: Այսօր էլ բազմաթիվ զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր ծայրերից գալիս են տեսնելու Ախթալայի վանական համալիրը: Այստեղ է անցկացվում նաեւ արդեն ավանդական դարձած «Խորովածի փառատոնը»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Նյութը պատրաստվել է «Բացահայտիր երկիրդ» արշավի շրջանակում՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի եւ Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի աջակցությամբ: