Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ մարմին չի լինելու, որը զբաղվելու է ընտանիքում համերաշխության վերականգնմամբ»

Նոյեմբեր 27,2017 16:50

«Կարծում եմ, որ այդ հատվածը որեւէ ձեւով չի նսեմացնում բռնության դեմ պայքարի իրական հանձնառությունը։ Վերնագրում այդ հատվածը արտացոլում է բովանդակության մեջ առկա այն դրույթները, որոնք ուղղված են լինելու ի վերջո ընտանիքում համերաշխության վերականգնմանը»,-այսօր Մատենադարանում կազմակերպված միջոցառման ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչու է «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագծի վերնագրում փոփոխություն եղել` ավելանալով «ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» նախադասությունը: Այժմ օրինագիծը կրում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» անվանումը։

Արփինե Հովհաննիսյանը նաեւ ասաց, որ օրենքում օգտագործվող հասկացությունների բացատրությունները տարատեսակ մեկնաբանությունների տեղիք էին տալիս եւ առաջացնում էին մտահոգություն։ Ըստ նրա, որեւէ մարմին չի լինելու, որը զբաղվելու է ընտանիքում համերաշխության վերականգնմամբ. «Ամբողջը պետք է դիտարկել օրենքի տրամաբանության մեջ։ Երբ ընտանիքում բռնություն կա, որոշակի մարմիններ սկսում են աշխատել բռնության ենթարկված անձի հետ, կամ բռնություն կիրառողի հետ։ Այդ գործողությունները տարաբնույթ կարող են լինել, ոստիկանական խիստ գործողություններից մինչեւ հոգեբանական աշխատանքներ, որպեսզի արդյունքում ընտանիք չքանդվի։ Սա է օրենքի տրամաբանությունը»։

Արփինե Հովհաննիսյանը չի բացառել, որ օրինագծում նոր փոփոխություններ էլ կլինեն. «Մենք նոր ենք թեւակոխում խորհրդարանական քննարկումների փուլ, կտեսնենք ինչպիսի առաջարկներ կլինեն քաղաքական ուժերի կողմից»:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հավելեց, որ օրենքը պետք է այնպես մշակվի, որպեսզի պրակտիկայում լիարժեք կիրառվի. «Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը աճի միտում ունեն, այս օրինագիծը բնականաբար որեւէ կերպ չի կարող խաթարել ընտանեկան արժեքները։ Առաջին օրինագծի վերաբերյալ մենք մեր առաջարկները ներկայացրել ենք։ Նոր տարբերակի վերաբերյալ պատրաստվում ենք դարձյալ ներկայացնել, որովհետեւ կան նոր ձեւակերպումներ։ Փորձելու ենք հասկանալ, արդյոք մեր առաջարկները արտահայտում են հասարակության մտահոգությունը։ Կարեւորը ոչ թե վերնագիրն է, այլ օրենքի դրույթները»:

Քննարկումը կազմակերպվել էր Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա առիթով: Հայաստանում նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը այս թեմայով սկսվել է քարոզարշավ` ուղղված հասարակության շրջանում իրազեկվածության բարձրացմանը։

Միջոցառման բացմանը ներկա էին նաեւ Հայաստանում Ֆրանսիայի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության, ԱՄՆ դեսպանները եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարները։

Արփինե ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930