Լրահոս
Օրվա լրահոսը

«Մատներս խաչած ենք պահում, բայց չենք խառնվում». Սվիտալսկին՝ ընտանեկան բռնության մասին օրենքի մասին

Նոյեմբեր 27,2017 16:41

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին չի թաքցնում՝ նման հավակնոտ համաձայնագիրը փոխշահավետ է ՀՀ-ի և ԵՄ-ի համար:

Հարցին՝ ո՞րն էր ԵՄ-ի շահը Հայաստանի հետ նման համաձայնագիր կնքելու հարցում, «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանը Պյոտր Սվիտալսկին պատասխանեց. «Մենք ոչ մի գաղտնի բան չունենք: Մեզ համար այս համաձայնագրի ռազմավարության մի մասն է կառուցել կայուն հարևանություն, տրամադրել մեր եվրոպական գործընկերներին զարգացման հնարավորություններ»:

Հարցին՝ հնարավո՞ր է ՀՀ-ն ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև կամուրջ դառնա, պարոն դեսպանը պատասխանեց. «Սա առաջին համաձայնագիրն է մի երկրի հետ, որն այլ միության մասն է կազմում: ԵԱՏՄ անդամների հետ այլ համաձայնագրեր ունենք, բայց ՀՀ-ի հետ կնքվածը շատ ավելի հավակնոտ ու առարկայական է: ԵՄ-ն չի ցանկանում բաժանարար գծեր գծել Եվրոպայում: Այդ պատճառով մենք ուզում ենք կամուրջներ կառուցել բոլոր մեր գործընկերների հետ: Իսկ ՀՀ-ն շատ առավելություններ ունի»:

Պյոտր Սվիտալսկին նշեց, որ մեկ գիշերում իրականություն չի փոխվելու, և այնպես չէ, որ համաձայնագրի ստորագրումից հետո առաջընթացը միանգամից տեսանելի է լինելու: Բայց նաև դեսպանը հավաստիացրեց, որ փաստաթուղթը կտա պատասխաններ բոլոր այն տեղերում, որտեղ հարցականներ կան: ԵՄ դեսպանի վստահեցմամբ՝ այս համաձայնագիրը նոր որակ կբերի ՀՀ-ԵՄ հարաբերություններին:

Պյոտր Սվիտալսկին տեղեկացրեց, որ 25 տոկոսով ավելացնելու են ՀՀ-ին տրվող՝ զարգացմանն ուղղված բյուջեն: Հստակեցմանը՝ թվային տվյալներ կտրամադրի՞, դեսպանը խուսափեց թվերով պատասխանել, այլ ասաց. «Այն դեպքում, երբ մի շարք դոնորներ կրճատում են, մենք ավելացնում ենք ՀՀ-ին տրամադրվող աջակցությունը: Սա ազդակ է այն մասին՝ մենք հավատում ենք, որ այս գումարը կարող է լավագույնս կիրառվել Հայաստանում»:

Մտահոգություններին՝ հնարավո՞ր է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը խնդիրներ առաջացնի երրորդ կողմի համար՝ մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, պարոն դեսպանը պատասխանեց. «Համաձայնագիրը երրորդ կողմի ուղղված չէ: Ավելին, որոշ տարրեր այս համաձայնագրում ՀՀ-ի մյուս գործընկերների համար էլ շահավետ կլինեն: ԵՄ-ն ոչ մի եսասիրական նպատակ չի հետապնդում»:

Արցախյան հակամարտության կարգավորման մասին հարցին ի պատասխան՝ Պյոտր Սվիտալսկին ասաց, որ ԵՄ-ի դիրքորոշումը հստակ է. կողմ են խաղաղ կարգավորմանն ու աջակցում են Մինսկի խմբի ջանքերին:

Վիզաների ազատականացման մասին հարցին ի պատասխան ԵՄ դեսպանն ասաց, թե գուշակ չէ և չի կարող ամսաթիվ նշել, թե երբ ՀՀ-ն կունենա ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմ, միայն փոխանցեց, որ 2020 թվականի 20 նպատակներից է վիզաների ազատականացումը. «Որոշ պայմաններ կան, որ պետք է կատարվեն ու բավարարվեն, և վիզաների լիբերալիզացման որոշումը տեղի կունենա իր ժամանակին»:

Հիշեցմանը, թե նման դեպքերում որպես պայման ԵՄ-ի կողմից դրվում էր Ընտանեկան բռնության մասին օրենքի ներդրումը Հայաստանում, որն արդեն ԱԺ-ում քննարկման է դրված, հետևաբար ի՞նչ կարծիք ունի այդ օրենքի նախագծի վերաբերյալ, պարոն Սվիտալսկին խուսափեց գնահատականներ տալ ու միայն շեշտեց, թե ԵՄ-ն մատները խաչած է պահում, բայց միևնույն ժամանակ չեն ցանկանում խառնվել քննարկումներին, քանի որ դա Հայաստանի գործն է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930