Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի սպասեք մեզնից թակարդի մեջ ընկնելու միամտությունը». Աշոտյանը՝ «Ելքին». (Տեսանյութ)

Նոյեմբեր 27,2017 16:38

Այսօր ԱԺ-ում «Ելքի» նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀԿ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն իր ամփոփիչ ելույթում անդրադարձավ «Ելքի» փաստարկներին, թե ինչու է պետք դուրս գալ ԵԱՏՄ-ից:

Նա ասաց, որ եթե խորհրդարանում որեւէ ուժ եվրոպական ուղղությամբ հաջողություն է գրանցել, դա իրենք են. «ՀՀԿ-ն Հայաստանի ամենամիջազգայնացված քաղաքական ուժն է»:

Աշոտյանը նշեց, որ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ մի աքսիոմա կա՝ ՀՀ պետական շահն է. «Ռուսաստանն է շոգեքարշը՝ ԵԱՏՄ-ում: Իսկ ԵՄ-ինը ո՞վ է, կհուշե՞ք ինձ՝ Գերմանիան»:

Ինչ վերաբերում է այն գնահատականներին, որ 4 տարի կորցրել ենք՝ ԵՄ համաձայնագիրը չստորագրելով՝ Աշոտյանը հիշեցրեց Սերժ Սարգսյանի խոսքերը՝ Բրյուսելում, որ 2013-ին մեր պատճառով չէ, որ Ասոցացման համաձայնագիրը չստորագրվեց. «2013-ին ՀՀ-ն պատրաստ էր ստորագրելու քաղաքական մասը, խնդրեցինք վերաբանակցել տնտեսական բլոկը: Մեզ ասեցին՝ հնարավոր չէ այդպես, կա՛մ երկուսը ստորագրում եք, կամ չեք ստորագրում: Ինչ եղավ հետո՝ Ուկրաինայի հայտնի հեղափոխությունից հետո Ուկրաինային թույլատրվեց ստորագրել քաղաքական փաստաթուղթը եւ մի քանի ամիս հետո վերաբանակցեցին ու ստորագրեցին տնտեսականը: Փաստն եմ ասում: Տարանջատված մոտեցումը թույլատրելի էր այն ժամանակ որոշ երկրների համար»:

Հետո Աշոտյանը հիշեց Մեքսիկայի նախագահներից մեկի խոսքը՝ «Խեղճ Մեքսիկա, այդքան հեռու ենք Աստծուց եւ այդքան մոտ ԱՄՆ-ին: Այս դիտարկումը մեր պարագայում ամբողջությամբ կարելի է պրոեկտել Թուրքիայի վրա»:

Նա ասաց, որ «Ելքի» հետ խորհրդարանական իրենց աշխատանքը ստացվում է. «Մասնակցեցինք լսումներին, տվեցինք կարծիքների այլընտրանք, բայց մի սպասեք մեզնից թակարդի մեջ ընկնելու միամտությունը»:

Արմեն Աշոտյանն ասաց, որ բացի Մարուքյանից, որեւէ մեկը փաստարկներ չբերեց լուրջ. «Դուք պետք է ապացուցեք, որ դուրս գանք ԵԱՏՄ-ից, ոչ թե մենք պետք է ապացուցենք, որ պետք է ԵԱՏՄ-ում մնալ: Դուք եք նախաձեռնության հեղինակը, հարգելիներս, ոչ թե մենք պետք է ապացուցենք ձեզ, որ չէ, դուրս չենք գալու»:

Նա դիմեց «Ելքի» պատգամավորներին՝ ասելով, որ եթե չեն կարողանում օգնել, գոնե չվնասեն. «Երբեք Հայաստանը չդարձնենք աշխարհաքաղաքական թատերաբեմ: Ոչ մի երկիր չի շահել դրանից, երբ որ իր տարածքում բախվել են մեծերը՝ խոշորներն ու ուժեղները: Այդ կռիվը ներս չբերենք, պահենք այդ գեոպոլիտիկ կռիվը մեր սահմաններից դուրս»:

Ուշագրավ է, որ լսումները վարող Նիկոլ Փաշինյանը, հենց Աշոտյանի ելույթի ժամանակը լրացավ, մեծ հաճույքով կատակով սեղվեց զանգի կոճակը՚: Նա ասաց, որ չկարողացավ դիմանալ գայթակղությանը՝ ելույթը ընդհատելու, ինչպես սովորաբար անում են ընդդիմադիրների հետ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930