Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի համոզմամբ, ՀՀ-ԵՄ համաձայնագիրը փոփոխություններ կբերի, մինչեւ իսկ վիզային ռեժիմի վերացման հնարավորություն:
«Համաձայնագիրն, իհարկե, լուրջ է, այն նորմատիվ բազա ունի, ցանկությունների մասին հուշագիր չէ, այլ պարտավորություններ է ներառում: Դրանք կրում են Հայաստանը՝ մի կողմից, ԵՄ-ն՝ մյուս: Այդ պարտավորությունների մեջ են մտնում փորձագիտական, տեխնիկական, ֆինանսական օժանդակության պարտավորությունները: Մենք տեսնում ենք, որ նմանատիպ համաձայնագրեր արդեն ստորագրվել են Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի հետ, ու ասել, որ այդ երեք երկրները միանգամից Շվեյցարիայի են վերածվել, չի կարելի: Ասել, որ այս համաձայնագիրը փոքր նշանակություն ունի, նույնպես չի կարելի: Այն բավական շատ բան է տալիս, բայց դա հնարավորություն է, որից դեռ պետք է կարողանանք օգտվել»,- այսօր «Արմենպրես» ակումբում ասաց Իսկանդարյանը:
Ըստ նրա՝ մինչև համաձայնագրի ստորագրման վերջին պահը ինտրիգ է եղել հռչակագրի հետ կապված. «Այն ստորագրվել է հայերիս համար քիչ թե շատ իդեալական տարբերակով, այսինքն՝ ամրագրվել է հնարավոր առավելագույնը, որ եղել է Ռիգայի գագաթնաժողովի դիսկուրսում, երբ ադրբեջանական կողմն ուղղակի հիստերիա բարձրացրեց…Ի հեճուկս այն ամենի, ինչ գրվում է հայկական մամուլում՝ ադրբեջանական պրոպագանդայի մեծ հաջողությունների մասին, պետք է ասեմ, որ այդպես չէ: Վերջին շրջանում մենք Արևմուտքի բաց քննարկումներում Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունքի վատացման ակնհայտ միտում ենք տեսնում և Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի լավացում: Այս ստորագրումը հնարավոր դարձավ այս գործընթացի արդյունքում, հիշեք՝ ինչ էին խոսում Հայաստանի մասին անմիջապես 2013 թ. սեպտեմբերի 3-ից հետո, և ինչ են խոսում հիմա»:
Ըստ քաղաքագետի՝ այս համաձայնագիրը ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վրա որևէ ազդեցություն չի ունենա, միջնորդական դերը Մինսկի խմբին է վերապահված:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ