Այսօր կրկին չկայացավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սպասարկած ավտոմեքենայի աճուրդը: Այն պետք է տեղի ունենար առավոտյան ժամը 10-ին, սակայն հայտատուի բացակայության պատճառով աճուրդը չկայացավ:
Վերջին անգամ այն աճուրդի էր հանվել 17 օր առաջ` նոյեմբերի 10-ին` 10 մլն 880 հազար դրամով: Աճուրդը նշանակվել էր նոյեմբերի 27-ին:
Ամեն անգամ հայտատուի բացակայության պատճառով ավտոմեքենայի գինը մի քանի միլիոն դրամով նվազում է: Երբ ամիսներ առաջ կառավարությունը որոշեց վաճառքի հանել ՀՀ առաջին նախագահին սպասարկած 1982 թվականի արտադրության «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ» մակնիշի ծառայողական ավտոմեքենան, մեկնարկային գինը 17 մլն դրամ էր: Այսօր այն արդեն առաջարկվում էր 8 մլն 704 հազար դրամով:
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունից Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին, որ այս անգամ էլ հայտատուներ չեն եղել, ինչի պատճառով հաջորդ աճուրդը նշանակվել է դեկտեմբերի 12-ին` 6 միլիոն 963 հազար 200 դրամ արժեքով:
Լեւոն Տեր-Պետրոսյանի ծառայողական ավտոմեքենան վաճառելու համար 6 ամիս ժամկետ է սահմանված. ամեն անգամ ավտոմեքենայի գինը 20 տոկոսով նվազում է տվյալ պահին սահմանված գնից, ուստի, եթե մինչեւ վերջին ամիսն էլ ավտոմեքենայի համար գնորդ չեղավ, ապա, ավտոմեքենան 6-րդ ամսի աճուրդին կարժենա 2 միլիոն 281 հազար դրամ:
Վերջնաժամկետը մինչեւ փետրվարի 27-ն է, չվաճառվելու դեպքում, հարցը կրկին պետք է քննարկման դրվի` ՀՀ առաջին նախագահի ծառայողական ավտոմեքենայի ճակատագիրը որոշելու նպատակով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ