Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հրաժարվել եմ այդ «խողովակը» ձեռք բերելուց». «Իգլա»-ի գործով ամբաստանյալ

Նոյեմբեր 27,2017 15:18

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Իգլա»-ի գործով հերթական դատական նիստում ամբաստանյալներից Արմեն Պողոսյանի շահերի պաշտպանը հանդես եկավ պաշտպանական ճառով:

Հիշեցնենք, որ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց (գործով մյուս մեղադրյալներ՝ Սանասար Գաբրիելյան, Արմեն Պողոսյան՝ հայտնի որպես «Ժորիկ», Կարեն Քոչարյան, Անդրանիկ Քոչարյան, Ժորա Զաքարյան, Դավիթ Հարությունյան)
ապօրինի կերպով «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն:

Հիշեցնենք նաեւ, որ Արմեն Պողոսյանը հրթիռը լուսանկարողն է եւ լուսանկարները գործով մյուս ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանին (որը պնդում է, թե «Իգլան» ցանկացել է ձեռք բերել բանակին նվիրաբերելու նպատակով) փոխանցողը: Վերջինս էլ, ինչպես Սամվել Բաբայանն իր ցուցմունքում էր նշել, լուսանկարներն իրեն է ցույց տվել, ինքն էլ ասել է, որ զենքը պակասող մասեր ունի, կարճ ասած՝ ոչ թե հրթիռ է, այլ «տրուբա»:

Պողոսյանի պաշտպան Վիկտորյա Կիրակոսյանը հայտարարեց՝ իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում եւ մեղադրանքը չի ընդունում: «Իր նախաքննական ցուցմունքում նա նշել է՝ Սանասար Գաբրիելյանն է իրեն դիմել, որպեսզի հետաքրքրվի «Իգլա» ձեռք բերելու հնարավորություններով, Պողոսյանն էլ դիմել է Հրաչյա Մայիլյանին, որը Վրաստանում կապեր է ունեցել: Վրաստանում հրթիռ ձեռք բերելու բոլոր գործողությունները կատարել է Հրաչյա Մայիլյանը՝ անձամբ՝ առանց Արմեն Պողոսյանի եւ Սանասար Գաբրիելյանի: Մայիլյանն իր ցուցմունքում ասաց, որ դիմել է մի վրացու, իսկ ավելի ուշ՝ հրթիռը վերցրել ՀՀ տարածքից»:

Փաստաբանի խոսքով՝ Արմեն Պողոսյանի կողմից «Իգլա» ձեռք բերելու որեւէ առարկայական գործողություն չի արվել, ամեն ինչ եղել է խոսակցությունների մակարդակում. «Մինչեւ ՀՀ տարածքում հրթիռը լուսանկարելը՝ նա կամովի հրաժարվել է այն ձեռքբերելուց: Այսինքն, Պողոսյանը հրաժարվել է հրթիռը ձեռք բերելուն ուղղված գործողություններից»:

Վիկտորյա Կիրակոսյանը համոզմունք հայտնեց, որ Արմեն Պողոսյանը պետք է արդարացվի: Արմեն Պողոսյանն էլ հավելեց. «Ես հրաժարվել եմ այդ «խողովակը» ձեռք բերելուց»:

Հիշեցնենք նաեւ, որ մեղադրող դատախազ Արամ Արամյանն Արմեն Պողոսյանի համար մեղադրական ճառում պահանջել է 3 տարվա ազատազրկում: «Իգլա»-ի գործով դատավճիռը կհրապարակվի նոյեմբերի 28-ին՝ ժամը 11-ին:

Մանրամասն քիչ ուշ՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930