Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբուխանյանը չի հասկանում «Ելքի» մուննաթը՝ ՌԴ-ի հանդեպ, ըստ նրա, Էրդողանն անգամ Պուտինի հետ է խորհրդակցում

Նոյեմբեր 27,2017 15:11

«Ելք» խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումները ԵԱՏՄ անդամակցությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ շարունակվում են:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ասաց, որ ԵԱՏՄ-ում իհարկե, լիքը խնդիրներ ունենք, բայց ԵՄ-ում էլ ամեն ինչ կայացած չէ: Ենթադրենք, «Ելք»-ի առաջարկը ընդունվում է ԱԺ-ում եւ մենք դուրս ենք գալիս ԵԱՏՄ-ից, որտե՞ղ ենք մենք հայտնվելու: Նա նշեց, որ Ադրբեջանին Լավրովը հրավիրեց ԵԱՏՄ, արդեն Ադրբեջանն է ունենալու վետոյի իրավունք եւ ցանկացած հարցում ՀՀ-ի նկատմամբ դեմ է լինելու. «Որ Ադրբեջանը կդառնա ԵԱՏՄ անդամ՝ չկասկածեք դրանում, եթե ՀՀ-ն դուրս եկավ: Մենք ուզում ենք թշնամի լինեն եւս մի շարք պետություննե՞ր, հա՞»:

ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանն էլ իր ելույթում ասաց, որ չի կարելի բոլոր խնդիրները կապել ԵԱՏՄ անդամակցության հետ. «Նույն կարգով կարելի է, ասենք, ցուրտ եղանակը կապել մեր մասնակցությանը, օրինակ, Եվրախորհրդին, որին մենք անդամակցում ենք շատ վաղուց: Կարող ենք ասել՝ այսքան ժամանակ ԵԽ-ում ենք եղել, ինչի՞ կոռուպցիայի մակարդակը կամ այս կամ այն տնտեսական ցուցանիշը լավը չէ: Մենք պետք է հասկանանք, որ ոչ ոք մեզ աշխարհում պարտք չէ, որ մեր փոխարեն ինչ-որ բան տա, մեր փոխարեն գումարներ ներդնի, աշխատի, կռվի, մեր փոխարեն զինվի: Երբ մենք մուննաթով պահանջում ենք մեր գործընկերներից, դաշնակիցներից այն, ինչը չի նախատեսված որեւէ պայմանագրով, որեւէ ստանձնած համաձայնագրով, դա տարակուսանք եւ զարմանք է առաջացնում»:

Բաբուխանյանն ասաց՝ իհարկե, կարող ենք դուրս գալ ԵԱՏՄ-ից, բայց պետք է պատասխան տալ այն 200 հազար քաղաքացիներին, որոնք աշխատում են ՌԴ-ում եւ մի որոշ մասն էլ՝ ԵԱՏՄ այլ երկրներում եւ դրանով պահում են իրենց ընտանիքները. «Եթե հանկարծ դա չլիներ, պատկերացնո՞ւմ եք ինչ կլիներ մեր երկրի հարյուրավոր, հազարավոր քաղաքացիների հետ: 1.5 մլն հայեր ՌԴ-ի հետ ունեն երկքաղաքացիություն, ի՞նչ կլինի, եթե մեր հարաբերությունները փչացնենք»: Ըստ նրա, այն փաստարկները, թե ԵԱՏՄ-ից դուրս գալով՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները չենք փչացնելու, իհարկե, չեն համապատասխանում իրականությանը, հաստատ փչացնելու ենք»:

Բաբուխանյանը զգուշացրեց, թե ՌԴ-ի հետ պետք չի հակառակվել, բացասական դիրք բռնել, դա վտանգավոր է, որովհետեւ ՌԴ-ի ու Պուտինի դերակատարումը տարածաշրջանում ավելանում է, այդ գերտերության հետ հաշվի են նստում, Էրդողանը Պուտինի հետ է խորհրդակցում, հարցնում, թե ինչ է կատարվում տարածաշրջանում. «Ես ձեզ վստահեցնում եմ՝ այն օրը, այն րոպեին, երբ ՀՀ-ն դուրս կգա ԵԱՏՄ-ից, մեր տեղը կզբաղեցնի Ադրբեջանը, Ադրբեջանը երազում է դառնալ ԵԱՏՄ անդամ: Այս քայլով մենք շատ մեծ, հսկայական նվեր կտանք Ադրբեջանին եւ Թուրքիային»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930