Լրահոս
Օրվա լրահոսը

«Փառք Աստծո, ԵՄ-ի մեր գործընկերները հասկացան, որ մեր հետ պետք չի կամ-կամ-ով խոսել». Սամվել Նիկոյան

Նոյեմբեր 27,2017 14:55

«Ելք» խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումները ԵԱՏՄ անդամակցությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ շարունակվում են: Նարինե Մկրտչյանը թերահավատ էր, որ ԱԺ-ն կընդունի ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը, բայց նա հորդորեց սթափվել՝ վստահեցնելով, որ քաղաքական կարճատեսությունից ոչինչ չենք շահելու. «Առանց այն էլ 4 տարին մենք մսխեցինք ԵԱՏՄ-ի անդամակցությանը, սկսենք այդ գործընթացը՝ դադարեցնենք այդ անդամակցությունը»:

ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանն ասաց, որ «Ելքի» տեսակետը նորություն չի իրենց համար. «Մեր պետության առաջնային խնդիրը ԼՂ խնդիրն է: Այո, ՀԱՊԿ անդամ լինելով, ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին, բազմաթիվ անգամ արտահայտել ենք մեր մտահոգությունը, որ անընդունելի է դա: Դուք ճիշտ եք… Եթե զենք է վաճառում Ադրբեջանին՝ դա շատ վատ է: Բայց մենք մեր անվտանգությունը կարողանում ենք ապահովել՝ գնելով շատ ավելի էժան գնով զենքեր, ռազմաքաղաքական հավասարակշռությունը կարողանում ենք ապահովել: Այդ առումով գտնում եմ, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր հակագործակցությունը արդյունավետ է»:

Նիկոյանն ասաց, որ ով ճարպիկ է, գործարար է, կարող է ԵԱՏՄ անդամակցությունից օգտվել. «Սա հնարավորություն է»:

Նա հարցրեց. «Պատկերացրեք, մենք ԵԱՏՄ անդամ չէինք ու ՌԴ-ի հետ ունենայինք տնտեսական հարաբերություններ՝ չի կարող լինել: Պատկերացրեք, ուր էին արտահանվելու ՀՀ գյուղատնտեսական ապրանքները: Մենք պետք է օգտագործենք ԵՄ-ի, ԵԱՏՄ-ի հարաբերությունները»: Նա ասաց, որ բոլոր այն երկրները, որոնք կամ-կամ-ի ճանապարհով են գնացել՝ Մոլդովան, Ուկրաինան, ունեցել են տարածքային կորուստներ, իսկ մեր եւ-եւ-ի քաղաքականությունը տվել է իր արդյունքները, դա մեր արտաքին քաղաքականության հաղթանակն էր. «Փառք Աստծո, ԵՄ-ի մեր գործընկերները հասկացան, որ մեզ հետ ցանկալի չի, պետք չի կամ-կամ-ով խոսել»: Ըստ նրա, ԵՄ-ի համաձայնագիրը շատ շահեկան է մեզ համար, բայց ԵԱՏՄ-ից էլ պետք չի դուրս գալ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930