ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ օրերս ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ՀՀ-ում կբերի նոր որակական փոփոխությունների՝ մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարում: Այս մասին այսօր՝ «Կոռուպցիայի կանխարգելումը և մարդու իրավունքների պաշտպանությունը» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նրա խոսքով՝ ԵՄ-ն ողջունում է այն փաստը, որ վերջին ամիսներին Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ քայլեր է կատարել օրենսդրական դաշտում, նաեւ՝ դատական համակարգի բարեփոխումների ուղղությամբ:
Դեսպանի համոզմամբ՝ Հայաստանը թևակոխում է նոր ժամանակաշրջան, բայց օրենսդրական եւ դատական բարեփոխումները գործնականում պետք է ստուգվեն:
«Մենք պետք է արդյունքը զգանք: ՀՀ ղեկավարությունը եւ հասարակությունը կկարողանան տեսնել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները: Մենք ՀՀ-ին աջակցում ենք կոռուպցիայի դեմ պայքարում եւ պատրաստակամ ենք շարունակել այդ գործակցությունը: Հիմա դրա հիմքում նոր համաձայնագիրն է»,-նշեց ԵՄ դեսպանը:
Պյոտր Սվիտալսկին նաեւ փաստեց, որ ԵՄ-ի համար ՀՀ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարեւոր քայլ է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ