Լրահոս
Օրվա լրահոսը

«1,6 լիտր շարժիչով «Օփելի» մաքսազերծումը կարժենա 2500 եվրո, իսկ 2 լիտր շարժիչովինը՝ 4400 եվրո». ԵԱՏՄ-ի վնասները. (Տեսանյութ)

Նոյեմբեր 27,2017 14:33

«Տնտեսական համագործակցության հիմքը ճանապարհն է: Այն խափանվում է պարբերաբար»,- այսօր «Ելք» խմբակցության կազմակերպած ԵԱՏՄ պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու ԱԺ որոշման նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Նա խոսեց ՀՀ-ում եւ հարեւան երկրներում իշխանության շարունակականության մասին. Ադրբեջանում, գիտենք, իշխանությունը փոխանցվում է ինտիմ ճանապարհով, մենք դեռ այդտեղ չենք հասել, վարչապետից նախագահ փոխելով են փոխանցում:

Նա նշեց, որ ԵԱՏՄ անդամ Բելառուսում դեռ մահապատիժը, որպես պատժի տեսակ, չեն վերացրել, դեռ խոսակցություն կա, որ ՌԴ-ում էլ ուզում են վերականգնել. «Բելառուսում ի՞նչ ընտրություններ, դրանք ուղղակի միջոցառում են: Մեր մոտ էլ է միջոցառում: Այս անդամ պետություններին բնորոշ է համակարգային անպատժելիությունը, բացարձակապես անհաշվետվողականությունը, անպատասխանատվությունը՝ սեփական երկրի քաղաքացիների հանդեպ: Եթե լիներ պատասխանատվություն՝ կլիներ ամոթի զգացում, որ իրար հերթականությամբ պրեզիդենտ ու պրեմիեր մինիստր չէին փոխի: Քիչ թե շատ Ղրղըզստանն է իրեն ճիշտ պահում, ավելի շատ պահանջներ է ներկայացնում, մենք այդ պահանջներն էլ չենք ներկայացնում»:

Նա հարց ուղղեց՝ ո՞վ է նախաձեռնել ԵԱՏՄ-ն եւ ո՞րն է նախաձեռնության նպատակը, պարզ է՝ ակնհայտ բռնապետական իշխանության տարածումն է՝ հետխորհրդային երկրների վրա:

Ըստ նրա, չի կարող ապագա լինել մի տեղ, որտեղ ամեն ինչ որոշվում է մեկ անձի կողմից, մեկ անձի որոշմամբ է ստեղծվել եւ ինքն էլ որոշումները կայացում է, երկու աթոռների վրա միաժամանակ նստել էլ հնարավոր չէ. «Նստողները թող այդ նստելու ձգտումները մեր վրա չտարածեն»:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ անդրադարձավ ապրանքների ներմուծման մաքսատուրքերի բարձրացմանը: Նա ասաց, որ եթե առաջ ներմուծման մաքսատուրքերը 3 տոկոս էին, հիմա ԵՏՄ-ին անդամակցելով՝ 8 տոկոս: Ներմուծման մեջ ԵԱՏՄ չափաբաժինը պակասեց, դա լրացուցիչ գնաճի հանգեցրեց: ԵԱՏՄ անդամ երկրների հետ իրականացնում ենք մեր արտաքին առեւտրի 25 տոկոսը, մյուս 75 տոկոսը կարող է տուժել, ավելանալու են մաքսային դրույքաչափերը: Եթե Հայաստանը շարունակի իր անդամակցությունը ԵԱՏՄ-ին, ապա 2020-ից 7 տարուց ավելի հին ավտոմեքենաների մաքսազերծելիս ավելի թանկ կվճարեն: Օրինակ, 1,6 լիտր աշխատանքային ծավալով շարժիչով «Օփելի» մաքսազերծումը կարժենա 2500 եվրո, իսկ 2 լիտր շարժիչովինը՝ 4400 եվրո՝ առանց ԱԱՀ-ի եւ բնօգտագործման հարկի:

Իոաննիսյանն ասաց, որ բնակչության 90 տոկոսը հին մեքենաներ է գնում, ավելի նոր մեքենաներ գնելու հնարավորություն չունի: Իսկ հին մեքենաներ մաքսազերծելի, եթե հիմա 1000 եվրո էին վճարում, 2 տարի հետո նույն մեքենայի մաքսազերծման համար վճարելու են 3500-6000 եվրո՝ ներառյալ ԱԱՀ-ն եւ բնօգտագործման վճարը: Քանի որ հանրային մարմինները ՀՀ-ում շատ են մեքենաներ գնում, սա լրացուցիչ բեռ է լինելու նաեւ պետբյուջեի վրա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930