Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սաֆարյան. Պուտինի հայտարարությունը չարությամբ մի ընդունեք (Տեսանյութ)

Նոյեմբեր 27,2017 14:05

«Նախագահ Պուտինի հայտարարությունը`թույլ ենք տալիս ՀՀ-ին`գնալ դեպի արեւմուտք, պետք չէ ընդունել չարությամբ եւ դժկամությամբ, համարել միջամտություն մեր երկրի ներքին գործին, այլ պարզ զգուշացում ՌԴ համապատասխան էլիտաներին`դադարեցնել անհանգիստ պրպտումներն առ այն, թե Հայաստանը հեռանում է ՌԴ-ից եւ մոտենում է Արեւմուտքին: Մանավանդ, որ այդպիսի բան իրականում, խորքային իմաստով գոյություն չունի»,- այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում հայտարարեց «Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը:

Նա ներկայացնում էր իր ղեկավարած կազմակերպության եւ Եվրասիական փորձագիտական ակումբի անցկացրած հետազոտության արդյունքները, որոնք վերաբերվում էին ՀՀ-ում եվրասիական եւ եվրոպական վեկտորների համատեղման հնարավորություններին: Իրենք կարծում են, որ ԵՄ-ի հետ ՀՀ-ի ստորագրած համաձայնագրի որոշ կետեր լրացուցիչ մեկնաբանության կարիք ունեն: Մասնավորաբար, ՀԱԷԿ-ին վերաբերվող դրույթները: Հիշեցնում է նախագահ Սերժ Սարգսյանի 2008-ին խորհրդարանում հնչեցրած հայտարարությունը`Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու եւ Իրան- Հայաստան երկաթգծի շինարարության ձեռնարկի մասին: Ասում է`այսօր դրանք ավելի քան ակտուալ են, ու մենք պարտավոր են դրանք ազգային գաղափար դարձնել: ՀԱԷԿ-ն առանց այլընտրանքի փակելն, ըստ նրա, կլինի շատ մեծ սխալ եւ Հայաստանին կնետի միջազգային քաղաքական եւ տնտեսական աշխարհի ետնախորշերը:

Բնական մոնոպոլիաների դեմ ԵՄ համաձայնագրում առկա «ընդհանուր դատողությունների» մասին ասում է. «Մեր բնական մոնոպոլիստները`«Գազպրոմ Արմենիան» եւ Հարավկովկասյան երկաթուղիները, լավ օրից չէ, որ մոնոպոլիստ են դարձել, այլ այն պարզ իրողությունից, որ անցած 25 տարիների ընթացքում Արեւմուտքի խոշոր ներդրողներն այս ասպարեզում Հայաստանի հետ համագործակցել, ներդրումներ անել չեն ցանկացել»: Ինքը վստահ է, որ առաջիկայում էլ, եթե նոր մրցույթներ լինեն, նորից ռուսական ընկերությունները կմասնակցեն դրանց:

Իրենք կարծում են նաեւ, որ ՀՀ-ում եւ ՌԴ-ում պետք է համաձայնեցված սկզբունքով աշխատեն`երիտասարդ սերունդներին հասարակական եւ քաղաքական գործընթացներում ներգրավելու համար:

Հետազոտության հեղինակները նաեւ կարծում են, որ ԵՄ-ի հետ համագործակցության նոր համաձայնագիրը ստորագրելով, մենք լավ օրինակ ենք տվել եւ լուրջ ջանքեր պիտի գործադրենք`դրա բարի պտուղները քաղելու համար: Նկատի ունեն, որ Վրաստանը եւ Ուկրաինան տարածքային կորուստների գնով հասան այդ համագործակցությանը եւ այժմ կարող են խանդ դրսեւորել: «Չպետք է թույլ տանք, որ այն, ինչ կոչված է մեզ հզորացնելու եւ ամրացնելու, արտաքին մարտահրավերների ու սպառնալիքների հանդեպ դիմադրող դարձնելուն, հանկարծ փոփոխվի լրացուցիչ կորուստներով եւ քաղաքական առճակատումներով, որոնք կթուլացնեն մեր երկիրը»:

Թե ԵՄ-ի հետ համաձայնագիրն ինչպե՞ս կազդի Արցախի խնդրի կարգավորման վրա` տեսանյութում:

Ինչ վերաբերվում է նրան, որ Հայաստանը կարող է ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ կամուրջ դառնալ, բանախոսը համարում է «քարոզչական մակարդակում ականջ շոյող  հայտարարություններ», մինչդեռ  իրականության մեջ, իր կարծիքով, Հայաստանն այնքան փոքր երկիր է, որ դժվար է նման իրողություն ակնկալել, մանավանդ, որ Արեւմուտքը չի դադարում ՌԴ-ին չեզոքացնելու, ծնկի բերելու քաղաքականությունը:

Անդրադառնալով այսօր խորհրդարանում ընթացող լսումներին` ԵԱՏՄ-ից դուրս գալու թեմայով, Արամ Սաֆարյանն ասաց, որ անցած երեք տարիներին կատարած իրենց հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանի`ԵԱՏՄ անդամ դառնալու ընտրությունը ճիշտ էր, եւ դրա արդյունքներն էլ արդեն նկատելի են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930